Վալերիյ Օսիպյանն այցելել է Երևանում գործող առաջին «խելացի փողոց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աճառյան փողոցում հապաղումներն ու խցանումները բացառելու համար Ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է միջոցառումներ:
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այցելեց փողոց՝ ծանոթանալու կատարված փոփոխություններին:
Փողոցի 5 խաչմերուկներում՝ Աճառյան-Ծարավ Աղբյուրի, Աճառյան-Բաբաջանյան, Աճառյան-1-ին նրբանցք, Աճառյան-2-րդ նրբանցք և Աճառյան-Առինջ խաչմերուկներում տեղադրվել են ուլտրաձայնային սենսորային համակարգեր, որոնք ավտոմատ հաշվարկում են խաչմերուկում տրանսպորտային միջոցների քանակը և ըստ ծանրաբեռնվածության փոխում լուսացույցի գույնը:
Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը Վ. Օսիպյանին ներկայացրեց իրականացրած աշխատանքը: Աճառյան փողոցը մայրաքաղաքի ամենածանրաբեռնվածներից է:
Ըստ ուսումնասիրությունների՝ մեկ ժամում փողոցի միայն մեկ կողմով անցում է 2300-ից 2400 մեքենա, և հաճախ լինում էին խցանումներ ու հապաղումներ:
Այսօր խնդիրը լուծված է:
Այս փողոցում խցանումները բացառված են:
Ոստիկանության պետը տեղում հետևեց երթևեկությանը, ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի, ՃՈ պետի առաջին տեղակալ Նորիկ Սարգսյանի հետ քննարկեց Երևանի մի քանի այլ փողոցներում նույնպես ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու հարցն ու տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ՀՀ ոստիկանապետը ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ տեղում քննարկումներ էր կատարում, քաղաքացիներն առանց կաշկանդվելու մոտենում և խնդրում էին ոստիկնապետի հետ «սելֆի» անեին, և ոստիկանապետը մեծ սիրով համաձայնվում էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի