211652_close_icon
views-count3261 դիտում article-date 13:59 24-09-2018

Հայփոստը թողարկել է անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակին նվիրված նամականիշ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատմության թանգարանում սեպտեմբերի 24-ին շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային: Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան, ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Պետրոսյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա Ազգային անվտանգության մարմիններին նվիրված առաջին նամականիշը չի, նաև եղել են հետախույզների պատկերներով նամականիշներ: «Կարծում եմ, այս ավանդույթը լինելու է շարունակական, որովհետև շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը ծանոթանա Ազգային անվտանգության ծառայության պատմությանը»,-ասաց Վանեցյանը: Փոստային նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի վրա, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքը ուրվագծային եղանակով: Փոստային նամականիշի աջ հատվածում պատկերված է Երկիր մոլորակը և լուսավորող ՀՀ ԱԱԾ զինանշանը` խորհրդանշելով ազգային անվտանգության մարմինների կարևորությունը ողջ աշխարհում: Նամականիշի չափսերն են 40.0 × 30.00 մմ:

Նմանատիպ նյութեր