211652_close_icon
views-count3300 դիտում article-date 21:53 10-09-2018

Հայաստանը մասնակցել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվեց սեպտեմբերի 5-9-ը, ԱՊՀ տարածաշրջանում ամենահեղինակավոր ցուցահանդեսն է և համագործակցությունների լայն հնարավորություններ է տալիս: Գրքի միջազգային ցուցահանդեսներին մասնակցելով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը ոչ միայն ներկայանալու և բանակցությունների հարթակ է ապահովում հայաստանյան հրատարակիչների համար, այլև ներկայացնում է մեր երկրի գրահրատարակչական արտադրանքը և «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակիչներին, որոնք ցանկություն ունեն իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Վերջինը հիանալի ծրագիր է հայ գրականությունը միջազգային հարթակ դուրս բերելու համար: Մոսկվայի ցուցահանդեսը միանշանակ կարևոր է. ընդ որում՝ և՛ մշակութային, և՛ մեր երկրի արտաքին քաղաքականության դիտանկյունից: Այս մասին է փաստում այն, որ հայկական պատվիրակության կազմում Մոսկվա էին մեկնել (ի դեպ՝ ոչ մշակույթի նախարարության միջոցներով) «Զանգակ», «Էդիթ Պրինտ», «Գրական հայրենիք», «Օրակուլ» հրատարակչությունները, «Ջի Էս Էմ» ստուդիան, թարգմանիչներ, գրողներ: Հայկական տաղավարի մշակութային օրակարգը ցուցահանդեսի օրերին հագեցած էր: Այն ներառում էր. ◆ «Հայկական տաղավարի օր», ◆ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի ներկայացում, ◆ «Օրակուլ» հրատարակչության լույս ընծայած «Ժամանակակից ռուս արձակ» անթոլոգիայի հայերեն հրատարակության շնորհանդես, հայ և ռուս գրողների գործերի ընթերցանություն հեղինակների մասնակցությամբ, ◆ «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «Հայկական թավշյա հեղափոխություն» գրքի (ռուսերեն) շնորհանդես, ◆ «Էլեկտրոնային գրքերը Հայաստանում» տեսաներկայացում: 24 քառակուսի մետր տարածքով տաղավարում ներկայացվեցին շուրջ 300 գիրք: Ցուցահանդեսի վերջին օրը Հայաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչները դեսպանատան միջոցով գրքեր փոխանցեցին Մոսկվայի հայկական համայնքին։

Նմանատիպ նյութեր