980 դիտում
21:35 24-11-2014
Հայաստանը մասնակցեց Բուխարեստի Գրքի միջազգային ցուցահանդեսին
Նոյեմբերի 19-23-ը Բուխարեստում կայացավ «Gaudeamus» գրքի միջազգային սալոնը, որին արդեն երկրորդ տարին մասնակցում էր նաև Հայաստանը` որպես Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր: Ռումինիայում ՀՀ դեսպանությունը Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում ֆրանկոֆոնիայի տաղավարում առանձին բաժնով ներկայացրեց ֆրանսերենով մի քանի տասնյակ հրատարակություններ` «Ֆրանկոֆոն Հայաստանը և հայերը» խորագրի ներքո:
Բուխարեստի գրքի միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը կայացավ նոյեմբերի 19-ին` ֆրանկոֆոն երկրների դեսպանների և ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայաստանի բաժնում ներկայացված էին ժամանակակից Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հնամենի քաղաքակրթության և մշակույթի վերաբերյալ Հայաստանում, Ֆրանսիայում և Կանադայում ֆրանսերենով հրատարակված ուսումնասիրություններ, գեղարվեստական գրականություն, հայ նշանավոր նկարիչների ալբոմներ, մեծ ցուցահանդեսների կատալոգներ, պարբերականներ, հայ հեղինակների ֆրանսերեն թարգմանություններ և ֆրանսագիր հայ գրողների գործեր:
Միջոցառումների շարքում կայացան կլոր սեղաններ, բանախոսություններ, ռադիոզրույցներ և հանդիպումներ տարբեր երկրների ֆրանսագիր գրողների հետ: Նոյեմբերի 20-ին ռումին գրականագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Զամֆիրը ներկայացրեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի ֆրանսերեն թարգմանությունը, իսկ նոյեմբերի 21-ին «Meteor Press» հրատարակչությունը ներկայացրեց Լևոն Հարությունյանի «Սիբիր. Տարած-ետ բերած» հուշերի գիրքն ու իսպանացի գրող Մարիա Անխելս Անգլադայի «Արամի գրառումները» վիպակը:
Գրքերի ներկայացման ժամանակ հայ ժողովրդի պատմության ու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ելույթներով հանդես եկան Ռումինիայի նախկին արտաքին գործերի նախարար, պատմաբան Ադրիան Չորոյանուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը:
Նմանատիպ նյութեր
1754 դիտում
23:13 20-11-2015
Հայաստանը ներկայացվեց Բուխարեստի Գրքի միջազգային սալոնում
1914 դիտում
23:00 12-10-2015
Հայաստանը մասնակցեց Չինաստանի կերպարվեստի միջազգային ցուցահանդեսին
Այս բաժնից
1126 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1885 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ