211652_close_icon
views-count9142 դիտում article-date 16:01 07-03-2026

Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին. ժամանել են Դավթաշենի ոստիկանության և քննչական բաժինների պետերն ու ՊԾ գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սուրեն Բալդրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարդգես Պողոսյանն ու պարեկ Գարիկ Հակոբյանը

Ոստիկաններն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղայի դի։

Մահացածի մարմինը դիատարին մոտեցնելու համար ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի գնդի 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Դեպքի մասին ոստիկանության Դավթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մուրադխանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցածը ինքնասպանություն է, սակայն իրավապահները աշխատում են ինքնասպանության, սպանության կամ դժբախտ դեպքի վարկածների ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ա.-ն է։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր