Սինքֆիլդի գավաթ». Արոնյան սուպերմրցաշարի հաղթողների թվում է և կստանա 95 հազ. դոլար
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց շախմատի «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որտեղ հիանալի արդյունքի հասավ հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Վերջին՝ 9-րդ տուրում Արրոնյանը սպիտակներով 34-րդ քայլում հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին և վաստակելով 5,5 միավոր, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը:
Այս հաղթանակի շնորհիվ Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում 34 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային (34.5 միավոր): Այս հաջողության համար Լևոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար:
Այսպիսով, Արոնյանը, Նակամուրան և Վաշյե-Լագրավը նվաճեցին Լոնդոնում կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Այդ մրցաշարի վերջին ուղեգիրը կվիճարկեն Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն: