211652_close_icon
views-count3263 դիտում article-date 16:26 26-08-2018

Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով օգոստոսի 25-ին կոմբինատ էր այցելել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով ընդգրկված էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Ի դեպ, այդ պատվիրակության կազմում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետեր, «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի ուղեկցությամբ գերմանացի պատգամավորը շրջայց կատարեց ձեռնարկության տարածքում, ծանոթացավ ընկերության աշխատանքին և իրականացվող ծրագրերին: Նշենք, որ պաշտոնական Բաքվի որոշմամբ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան արգելվել է: Վերջինս հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատրաստած՝ Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակում: Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Ալբերտ Վայլերը նշեց, որ այս հանգամանքը իր ազդեցությունն է ունենալու գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Վայլերի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան:

Նմանատիպ նյութեր