Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենում. «Ամերիկայի Ձայն»
Աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենում մեկ ամսից բացվում է «Հայաստա՛ն» հատուկ ցուցահանդեսը: Այս մասին հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4539985.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ը:
«Հայաստա՛ն» ցուցահանդեսի կազմակերպիչ Էլեն Էվանսի խոսքով, Մետրոպոլիտենի ավելի քան 7 միլիոն այցելուներին ներկայացվելու են Մատենադարանից, Էջմիածնից, Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրից եւ Վենետիկից ժամանակավոր ԱՄՆ բերված շուրջ 150 նմուշներ։
«Ցուցահանդեսը ներկայացնելու է Հայաստանում քրիստոնեության հաստատման ժամանակաշրջանը: Մենք կավարտենք մեր պատմությունը Նոր Ջուլֆայում, երբ հայերն արդեն սկսեցին հայերենով գրքեր տպագրել»:
Այսպիսով, ցուցահանդեսում ներկայացված է լինելու Հայաստանի պատմությունը 301-ից մինչեւ 1700-ականները.
«Ցուցահանդեսի նպատակն է այցելուներին հիշեցնել, որ հայկական արվեստն ու մշակույթը համաշխարհային արվեստի կարեւոր մասն է»:
Էլեն Էվանսի խոսքով, Մետրոպոլիտենը փորձելու է պատմել, թե ինչպես հայ ժողովրդին հաջողվեց պահպանել ինքնությունն ու քրիստոնյա հավատը։
«1700-ականներին արդեն հայեր կան Վիրջինիա նահանգի Ջեյմսթաունում, Մանիլայում, հայերը հասել են Ռուսաստանի հեռավոր հյուսիսային շրջաններ, հայերը վերահսկում են կտորեղենի վաճառքը Հնդկաստանում»:
Մետրոպոլիտենում «Ամերիկայի Ձայն»-ին պատմում են, որ հույս ունեն, ցուցահանդեսին կծանոթանան ոչ միայն միլիոնավոր արտերկրացիներ այլեւ հայերը, ում դրական կարծիքը շատ կարեւոր է կազմակերպիչների համար: