Շտապօգնության նոր մեքենաների առաջին խմբաքանակը` շուրջ 5 տասնյակ, արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան
Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն այս մասին ավելի վաղ կնքված համաձայնագրի: Տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Մեքենաների առաջին խմբաքանակը` շուրջ 5 տասնյակ, արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան: Մեքենաների մյուս մասը կհասնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Դրանք կհագեցվեն մի շարք անհրաժեշտ սարքավորումներով եւ կբաշխվեն Երեւանում ու մարզերում` ըստ կարիքների եւ բնակչության թվաքանակի:
Շտապօգնության մեքենաներից 65-ը կհագեցվեն նորագույն սարքավորումներով եւս` վերակենդանացման անհետաձգելի գործառույթի իրականացման համար: Նոր ռեանիմոբիլներով հնարավոր կլինի անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպել եւ կանչի ժամանակ` պացիենտի տանը, եւ մեքենայում` համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին:
Մարզերի մեքենաների պարկը եւս կհամալրվի ռեանիմոբիլներով, ինչը նոր հնարավորություն է` հիվանդին տեղափոխելիս անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպել արդեն մեքենայի մեջ:
Նոր մեքենաների շահագործումն էականորեն կբարձրացնի շտապօգնության որակը, մարզերից տեղափոխումն առավել պատշաճ պայմաններում կիրականացվի: Ներկայում շահագործվողների համեմատ նորերն անհամեմատ ավելի լավ վերազինված կլինեն: