ՌԴ-ն և Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին. Աշոտյանը Կասպյան համաձայնագրի մասին
Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։
Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարների կողմից այսօր ստորագրված [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/12/1102928/]համաձայնագրին[/url]՝ Կասպյան ծովի կարգավիճակի վերաբերյալ։
Աշոտյանն առանձնացրել է Հայաստանի համար մի քանի դրույթներ, որոնք, իր գնահատմամբ՝ մարտահրավերներ են պարունակում:
«1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։
2. Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքը, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար։
3. Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը, ինչը նույնպես ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին։
4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։
5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա, եթե միջազգային հարթակներում տեղի չունենա ազգային քաղաքական կապիտալի բյուրեղացում և կոնսոլիդացիա»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը գրառման մեջ։