211652_close_icon
views-count4119 դիտում article-date 10:56 06-07-2018

«Հակահերոսն» ունի պաշտպանության նույնպիսի իրավունք, որն ունի «հերոսը», ունենք ես և դուք․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 10-րդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած մարդ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորված լինելը որոշելու համար իրավունք ունի, որ իր գործը քննվի լիակատար հավասարության հիման վրա, հրապարակավ և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ՝ անկախ ու անաչառ դատարանի կողմից: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետն, իր հերթին, սահմանում է, որ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների մասին վեճի, ինչպես նաև ցանկացած քրեական մեղադրանք ներկայացնելու դեպքում մարդն իրավունք ունի գործի արդար և հրապարակային քննության, խելամիտ ժամկետում, անկախ և անաչառ դատարանի կողմից, որը ստեղծվել է օրենքի հիման վրա: Պաշտպանություն ունենալու հիմնարար իրավունքը, մասնավորապես, ենթադրում է, որ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը կարող է վարձել փաստաբան, որը կներկայացնի իր շահերը: (Եթե վարձելու հնարավորություն չունի, պետությունն է պաշտպան տրամադրում): Իհարկե, Հայաստանում կարող են լինել մարդիկ, որոնք դեմ են, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ ասելով, որ դա հակասում է մեր ազգային արժեքներին և, միասեռականների պաշտպանության նման, մեր վզին է փաթաթված չարամիտ եվրոպացիների կողմից: Բայց այդ դեպքում նրանք պետք է ասեն, թե արդարադատության ո՛ր համակարգին են կողմ՝ իսլամական պետություններում գործող «շարիաթի՞ն», գուցե ստալինյան «տրոյկաների՞ն»: Սակայն եթե քաղաքացին կողմ է վերոհիշյալ հռչակագրին և կոնվենցիաներին, ապա նա պետք է համաձայն լինի նաև, որ հանցագործության մեջ մեղադրվող ՑԱՆԿԱՑԱԾ անձ իրավունք ունի օրենքով սահմանված պաշտպանության բոլոր հնարավոր ձևերից օգտվելու: Հետևաբար այդ, ենթադրաբար, առաջադեմ հայացքներ ունեցող մարդիկ պետք է ընդունեն, որ փաստաբանի պաշտպանության իրավունք ունեն բոլոր մարդիկ և, մասնավորապես, Հայաստանի ԲՈԼՈՐ քաղաքացիները: Ոչ միայն գեղեցիկ, համակրելի, ժողովրդի կողմից սիրված հրեշտակները, այլև տգեղ, նողկալի, հասարակության կողմից մերժված անձնավորությունները, որոնք մեղադրվում են անգամ սարսափելի, սրբապիղծ ոճրագործությունների մեջ: Այդ ամենը հաշվի առնելով՝ այնքան էլ տրամաբանական չէ ամոթանք տալ այն փաստաբաններին, որոնք ստանձնում են այս կամ այն «հակահերոսի» պաշտպանությունը: «Հակահերոսն» ունի պաշտպանության նույնպիսի իրավունք, որն ունի «հերոսը», ունենք ես և դուք: Նման դիրքորոշումը հատկապես վերաբերում է իրավապաշտպաններին, որոնք, իմ պատկերացմամբ, որոշ դեպքերում ստիպված են գնալ հոսանքին դեմ: Մենք բոլորս կարող ենք պահանջել «հակահերոսի արյունը», իսկ իրավապաշտպանը բոլոր պարագաներում նախևառաջ պիտի մտահոգվի մարդու իրավունքների պաշտպանությամբ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր