Գործատուին հնարավորություն կընձեռվի պարտականությունը չկատարող աշխատողի հետ լուծել պայմանագիրը
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը:
Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած նախագծով առաջարկվում է գործատուին հնարավորություն ընձեռել պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը:
Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաև աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը, այսինքն՝ օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում: