211652_close_icon
views-count20415 դիտում article-date 13:21 19-05-2018

Արցախի պետնախարարը մասնակցել է Գետավանի նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 18-ին շրջանի Գետավան գյուղում մեծ հանդիսավորությամբ բացվել է համայնքային կենտրոն, որին ներկա են եղել ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Կարեն Սարգսյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Այդ օրը Գետավան էր այցելել <Հայաստան> համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` կազմված հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հյուրերին ընդունել են աղ ու հացով: Համայնքային կենտրոնը կառուցվել է <Հայաստան> համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ` Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ: Շինությունը երկհարկանի է, որի մեջ կենտրոնացված է համակարգչային սենյակ, գրադարան, գյուղապետարան, կից հանդիսությունների սրահ` 150 տեղանոց: Ներկաները նախ ծաղիկներ են դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանին: Համայնքային կենտրոնի բացմանը ելույթ է ունեցել պետնախարար Արայիկ Հարությունյանը: Իր խոսքում նա բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունն Արցախի զարգացման գործում: Ելույթ է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ով նշել է, որ բնակչությունը ամուր կառչած է մայր հողին, որն ամենակարեւորն է, իսկ հիմնադրամը` Արցախի կառավարության հետ մեկտեղ կշարունակի իր ծրագրերը: Միջոցառմանը սրտի խոսք է ասել <Հայաստան> համահայկական հիմնադրամի Արցախում Ֆրանսիայի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը, որից հետո նրան շնորհվել է Գետավանի պատվավոր բնակչի կոչումը: Իսկ հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին նվիրել են մեծադիր բնանկար: Ելույթով հանդես է եկել Գետավանի գ/համայնքի ղեկավար Արարատ Զաքարյանը: Իր ելույթում նշել է, որ բնակչության կողմից երկար սպասված կառույցն իր բոլոր հարմարություններով մեծ արժեք ունի, եւ շնորհակալություն է հայտնել պետնախարարին, հիմնադրամի տնօրինությանը եւ ղեկավարությանը: Ելույթ է ունեցել նաեւ Գետավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոզա Գրիգորյանը: Այնուհետեւ դպրոցի աշակերտները հանդես են եկել մշակութային ծրագրով, իսկ դպրոցի դասվար Իրինա Ազարյանը հանդես է եկել ասմունքով: Նորակառույց շենքի բացման պատիվը վերապահվել է համայնքի ղեկավար Արարատ Զաքարյանին եւ Միշել Տանկրեզին. իսկ շինությունն օծել են քահանա Տեր Հովհաննեսը եւ հոգեւորականներ: Ներկաները ծանոթացել են նորակառույց համայնքապետարանի սենյակներին: Նշենք, որ նման կենտրոններ Հիմնադրամը կառուցել է նաեւ այլ համայնքներում: Նման լուծումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրներին, այլեւ ապահովում այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: Այդ օրը նաեւ տոնական ընդունելություն էր կազմակերպված նորաբաց շենքի հանդիսությունների սրահում: Բացման արարողությանը մասնակցում էին նաեւ զինվորականներ, հարակից գյուղերի համայնքապետեր, դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները ու գյուղի բնակչությունը: [b]Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր