16656 դիտում
14:46 01-05-2018
Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել իր ուզած տարբերակով և պատրաստ է երկխոսության
Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, որ ինքը «երբեք չի հանդգնի ասել», որ առաջիկայում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար Ընտրական օրենսգրքում փոփոխությունները պետք է իրականացվեն իր ուզած տարբերակով: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել իր ուզած տարբերակով, եթե չլինի խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, Փաշինյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգիրքը մի փաստաթուղթ է, որը պետք է լայն ըմբռնում ունենա հանրության և քաղաքական ուժերի կողմից: «Հակառակ դեպքում մենք կկորցնենք շատ կարևոր բան. անհնար կլինի ունենալ այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքներն անառարկելի կլինեն թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, որ բոլորը նկատել են, որ իրենց հռետորաբանության մեջ ընդհանրապես ատելությունը տեղ չունի, իրենք խոսում են միայն համերաշխության մասին: «Եվ ես ուրախ եմ մի բանի համար, որ վերջին 6 տարում ես, լինելով ԱԺ պատգամավոր, բազմաթիվ հակասություններ ունենալով խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ, նաև երկխոսության, միմյանց հետ հարցեր լուծելու փորձ ենք ունեցել և առնվազն միջազգային հարթակներում մենք կարողացել ենք միասնական դիրքորոշում արտահայտել: Անցել են այն ժամանակները, երբ կառավարությունը խորհրդարանական մեծամասնության կամ փոքրամասնության, հանրության որևէ շերտի ինչ-որ բան պարտադրում է: Երբ ես խոսում եմ որևէ ծրագրի մասին, ինձ համար կարևորը նպատակն է, իսկ նպատակը տվյալ դեպքում արդար և օրինական ընտրությունների անցկացումն է: Ես ունեմ իմ պատկերացումը, և երկխոսության ընթացքում, հնարավոր է, դուք այնպիսի գաղափար առաջարկեք, որը շատ ավելի արդյունավետ ձևով ապահովի այդ լուծումը: Մենք պատրաստվում ենք այս հարցերը լուծել երկխոսության, քննարկումների միջոցով, որովհետև ես հավատում եմ, որ մենք բոլորս ենք հասկացել, որ ընտրությունների արդյունքների նենգափոխումը բոլորիս է բերում ճգնաժամի: Սա է աշխատանքի մեթոդաբանությունը»,- պարզաբանեց Փաշինյանը:
Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, թե ո՞րոնք են հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման սահմանադրական ուղիները՝ Փաշինյանն ընդգծեց, որ տարբերակները մի քանիսն են, իսկ այդ տարբերակներից մեկի ընտրությունը կախված է քննարկումներից: «Տարբերակներից մեկը հետևյալն է՝ կառավարությունը ձևավորվում է, սակայն խորհրդարանը չի հաստատում այդ կառավարության ծրագիրը, և այդ պայմաններում իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվում է, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ես չեմ ասում, որ սա ճիշտ տարբերակն է, սակայն սա մեխանիզմներից մեկն է: Սահմանադրութունը բավականին սահմանափակել է այդ հնարավորությունը, սակայն մենք կարծում ենք, որ կա հնարավորություն այս հարցի շուրջ քննարկումների միջոցով հասնել համաձայնության»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն ընդունում է, որ այս հարցում էլ չպետք է լինի կառավարության կողմից պարտադրանքի որևէ մեթոդաբանություն: Նա հավատում է, որ հնարավոր կլինի, գնահատելով քաղաքական իրողությունը, գալ ընդհանուր հայտարարի:
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
09:01 30-03-2021
Ընտրական օրենսգրքում ինչ փոփոխություններ են պատրաստվում կատարել. քննարկումը՝ ապրիլի 13-ին. «Ժամանակ»
7094 դիտում
08:46 29-05-2018
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
640 դիտում
16:12 04-12-2024
Վեհափառն Իտալիայի դեսպանի հետ հրաժեշտի հանդիպմանը կարևորել է երկու երկրների միջև կապերի ամրապնդումը
1261 դիտում
16:09 04-12-2024
Հեռախոսս առգրավել են, նյութերը հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզում հավատալ, որ իր պահանջով է եղել. Աղազարյան