Կարծում եմ՝ պետք է պատրաստվենք հաղթանակի. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այսօրվա ծրագրերը
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 29-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է այսօրվա անելիքները:
«Վերջին երկու օրերին ուղղակի ֆանտաստիկ մարզային ճամփորդություն իրականացրինք, որը հզորագույն ազդեցություն ունեցավ ներքաղաքական իրավիճակի վրա, և բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ քաղաքացիների բացառիկ ակտիվությամբ մենք ևս մեկ քայլ արեցինք ներքաղաքական իրավիճակի ժողովրդահաճ հանգուցալուծման համար»,- ասաց նա:
Նա նաև ներողություն խնդրեց այն մարզերի բնակիչներից, որոնց մարզ չի կարողացել այցելել, և շնորհակալություն հայտնեց այն մարզերի բնակիչներին, որոնք բացառիկ ակտիվություն ցուցաբերեցին:
«Չնայած քաղաքական իրավիճակը նույն տեղում չէ, և վերջին իրադարձությունները հաշվի առնելով՝ որոշակի առաջընթաց ենք ունեցել, ես կոչ եմ անում ուղիղ 12:00-ից իրականացնել քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի գործողությունններ, որոնք մենք իրականացրել ենք, և 16:00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները, որ քաղաքացիները հնարավորություն ունենան հասնել հրապարակ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ 17:00-ին Ֆրանսիայի հրապարակից իրականացնելու են երթ դեպի Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19:00-ին տեղի է ունենալու հանրահավաք:
«Այն չափազանց կարևոր հանրահավաք է, մենք պետք է ի ցույց դնենք, որ այս շարժումը վճռական է և իր ոտքերի վրա ամուր կանգնած է լինելու: Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, կարծում եմ՝ պետք է պատրաստվենք հաղթանակի»,- ասաց նա: