Եվրոպայի լիգա. «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ, բայց կորցրեց Մխիթարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Արդեն առաջին խաղակեսում լոնդոնցիներն ըստ էության լուծեցին հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը՝ 4 անգամ գրավելով Ակինֆեևի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակներ դարձան ուելսցի կիսապաշտպան Արոն Ռեմզին և ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը: Ռուսական թիմը կարողացավ միայն թրջել հաշիվը՝ Գոլովինի հիանալի կատարած տուգանային հարվածից հետո:
Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ շարունակում էին բաց ֆուտբոլ ցուցադրել, «Արսենալը» մի քանի անգամ կարող էր գրավել ԲԿՄԱ-ի դարպասը, սակայն նոր գոլեր չգրանցվեցին:
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, բավական ակտիվ էր, շատ լավ թիմակիցների հետ գրոհներ էր կազմակերպում, մի քանի անգամ մոտ էր գոլին, սակայն 58-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպան Շչեննիկովը չափազանց կոպիտ խաղաց Հենրիխի դեմ, որը վնասվածք ստացավ և չկարողանալով հանդիպումը շարունակել, փոխարինվեց: Հուսանք, որ վնասվածքը լուրջ չէ:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին:
[b]Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում, Լոնդոն
[/b]
«Արսենալ»-ԲԿՄԱ՝ 4:1
Ռեմզի, 9, 28, Լյակազետ, 23 (11մ.), 35 - Գոլովին, 15