Ալեքսիս Սանչեսը խնդիրներ ունի «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը նոր ակումբում հարմարվելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
«Արսենալից» «ՄՅՈւ» տեղափոխվելով, չիլիացին շաբաթական 600 հազար ֆունտ աշխատավարձով դարձավ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողը, սակայն առայժմ չի կարողանում կոլեկտիվին մերվել:
Ակումբում մտահոգված են, որ Սանչեսը կարող է կրկնել արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ճակատագիրը, որը այդպես էլ չհարմարվեց թիմին և մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվեց ՊՍԺ:
Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» ձեռք է բերել մռայլ ու ինքնամփոփ մարդու համբավ: Մանկունյանցիների մարզաբազայում նրան հաճախ են տեսնում վատ տրամադրությամբ, հաճախակի նա մենակ է մնում, ակումբի ճաշարանում միայնակ է նստում և ճաշում:
«Նա նման է մի մարդու, որը չի ցանկանում այստեղ լինել: Բոլորը սա սխալ են համարում, նա կարծես իրեն կորցրած տղա լինի: Նույնն էլ Դի Մարիայի դեպքում էր», ասել է ակումբի աշխատակիցներից մեկը:


