211652_close_icon
views-count5883 դիտում article-date 09:34 17-02-2018

Մի քանի վատ խնձոր վնասում է մյուսներին. Ջոն Քրոնանը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի մասին. «Ամերիկայի ձայն»

Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է. այն նաև խոչընդոտում է երկրների միջև մշակութային համագործակցությունը, [url=https://www.amerikayidzayn.com/a/4258377.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: «Մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին», - ամերիկյան ասացվածքով է արձագանքում օրեր առաջ մի շարք հայերի դեմ հարուցված քրեական գործին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը. «Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է»: Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին, նշում է պաշտոնյան. «Խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, ովքեր իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է նման դեպքերից հետո թերահավատություն և կասկած դրսևորվի, որովհետև ենթադրաբար մյուսները ստել են»: Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Ջոն Քրոնանը կրկնում է «ենթադրաբար» բառը, հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցված, անձը մեղավոր չէ. «Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»: Մեղադրանքի համաձայն, Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ և պարողներ, լուսանկարում և վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում. «Յուրաքանչյուր անձ ենթադրաբար, վճարում էր մեղադրյալներին 3-15 հազար դոլար»: Հիշեցնենք, որ հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրեն մեղավոր չի համարում, սակայն, չնայած մեր խնդրանքի, դեռևս զերծ է մնում հարցազրույց տալուց: Անդրադառնալով մյուս մեղադրյալ, ենթադրաբար Հայաստանում գտնվող Դիանա Գրիգորյանին, Ջոն Քրոնանը հիշեցրեց, որ նրա նկատմամբ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել. «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը չունեն «Հանձնման մասին» պայմանագիր, սակայն, գիտակցելով դա, մենք միևնույն է փորձելու ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի նա կանգնի Միացյալ Նահանգների դատարանի առջև»: Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավարն ընդգծում է՝ վիզաների և ընդհանրապես ներգաղթի հետ կապված հանցագործությունները ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում են՝ չէ որ կեղծիքով ստացված մուտքի վիզան ճանապարհ է բացում ամենատարբեր հանցագործներին:

Նմանատիպ նյութեր