5767 դիտում
10:48 06-03-2019
Չկա «լավ բռնություն», «լավ հայհոյանք», «լավ ստորություն», ինչպես նաև՝ «վատ սեր», «վատ կարեկցանք», «վատ պարկեշտություն»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ուկրաինայում «Մայդանի» ժամանակ հեղափոխականները բռնություն էին գործադրում Յանուկովիչի վարչակազմի ներկայացուցիչների նկատմամբ, այդ թվում՝ գցում էին նրանց աղբարկղերը: Թեև անձամբ ինձ համար դա քաղաքական պայքարի միանշանակորեն մերժելի ձև է (մարդկային արժանապատվությունը պետք է հարգել բոլոր պարագաներում), տրամաբանությունը հասկանալի է՝ հեղափոխությունից առաջ ակտիվիստներն այդպես էին պայքարում այն ժամանակ գործող իշխանության դեմ:
Դա ամենևին նման չէ այն դեպքին, երբ հեղափոխությունից հետո, ներկայումս գործող իշխանության համակիրները նույնատիպ բռնություն են կիրառում հասարակական գործչի դեմ՝ այն բանի համար, որ նրա հայացքները «հաղթած հեղափոխականներին» դուր չեն գալիս: Սա նշանակում է, որ նորօրյա «սևշապիկավորները» կարող են բռնություն կիրառել նաև իմ դեմ, եթե, օրինակ, իմ այս հոդվածը նրանց դուր չգա: Այսինքն՝ մարդկանց ինչ-որ խումբ իրեն իրավունք է վերապահում «պատժելու» որևէ քաղաքացու՝ «սխալ վարքագծի», «սխալ մտածելակերպի» համար:
Բայց դա նոր երևույթ չէ մեր կյանքում. «հին Հայաստանում» այդպես էին վարվում երկրապահները, օլիգարխների թիկնապահները, քրեական հեղինակությունները, իշխանության կողմնակից զանազան խմբերի (հրոսակախմբերի) ներկայացուցիչները: «Սա լավ մարդ է, իրեն ճիշտ է պահում, նրան ծեծելը դատապարտելի է, իսկ սա՝ վատն է, սխալ բաներ է խոսում՝ նրան ծեծելը հասնում է»՝ դուք համաձա՞յն եք այս տրամաբանության հետ: Ինձ թվում է, դա «հին Հայաստանի» տրամաբանություն է:
«Բա որ ոստիկանները…»: Այստեղ նույնպես համեմատվում են տարբեր երևույթներ: Ոստիկանությունն օրենքով օժտված է սահմանված կարգի համաձայն բռնություն կիրառելու իրավունքով: Օրինակ, երբ քաղաքացիներն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ցանկանում են պարալիզացնել հանրապետության երթևեկությունը, ոստիկանները կարող են այդ քաղաքացիներին հանել երթևեկելի մասից: Ուրիշ հարց, որ վերջին հեղափոխության ժամանակ դա անելն անիմաստ էր, որովհետև ճանապարհ փակողների քաղաքական նպատակները կիսում էին հարյուր հազարավոր մարդիկ: Պատահում է նաև, որ ոստիկանները գերազանցում են իրենց լիազորությունները՝ դրա համար նրանց դատ է հասնում: Բայց դատն իրականացնում է դրա համար հատուկ ստեղծված պետական մարմինը, ոչ թե քաղաքացիների ցանկացած խումբը մեկ այլ քաղաքացու հանդեպ:
․․․ Իսկ երևույթների իմ ընդհանուր ընկալումը հետևյալն է. չի կարող լինել «լավ բռնություն» (բացի օրենքով նախատեսված դեպքերից): Ճիշտ նույն ձևով չկա «լավ հայհոյանք», «լավ ստորություն», «լավ ստախոսություն», «լավ դեմագոգիա»: Ինչպես նաև՝ չի կարող լինել «վատ սեր», «վատ կարեկցանք», «վատ պարկեշտություն», «վատ մեծահոգություն»: Այդ դրսևորումների «օբյեկտը» կարևոր չէ: Կարևորը սուբյեկտն է, այսինքն՝ ամեն մեկս»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը