211652_close_icon
views-count4152 դիտում article-date 21:44 18-01-2018

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին հանդիսություն է կազմակերպվել Ժնևում

Հունվարի 16-ին Ժնևի հայտնի «Շատո դը Պանտ» (Chateau de Penthes) թանգարանում ՀՀ դեսպանության կողմից տրվեց ընդունելություն՝ ի պատիվ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նորընտիր նախագահ Դոմինիկ դը Բումանի։ Ընդունելությանը ներկա էր Շվեյցարիայի նախկին նախագահ տիկին Միշլին Կալմի-Ռեյը, ինչպես նաև Շվեյցարիայի օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների, Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, Ժնևի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Գիյոմ Բարազոնեն, Ժնև կանտոնի պետական խորհրդի նախագահ Ֆրանսուա Լոնշանը, ինչպես նաև՝ Շվեյցարիայի Ազգային խորհրրդի նախագահ Դոմինիկ դը Բումանը։ Երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ Դոմինիկ դը Բումանի՝ Շվեյցարիայի Համադաշանության Ազգային խորհրդի նախագահի պաշտոնում ընտրությունը գնահատականն է նրա անցած երեսնամյա ակտիվ քաղաքական գործունեության: Նա առանձնակի շեշտեց, որ 2003թ. դեկտեմբերին Ազգային խորհրդի անդամ ընտրվելուց ընդամենը շաբաթներ անց, Դոմինիկ դը Բումանը հանձն առավ շարունակել և փայլուն եզրահանգման հասցնել ժնևցի պատգամավոր Ժան-Կլոդ Վոդրոյի նախաձեռնած՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Բարձր գնահատվեց նաև դրան հաջորդող ամիսների ընթացքում Դոմինիկ դը Բումանի՝ Ազգային խորհրդի պատգամավոր Ուելի Լոեմբերժեի հետ միասին Շվեյցարիայի խորհրդարանում Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի հիմնումն ու ակտիվ գործունեությունը: Ժնևի քաղաքային խորհրդի անդամ, 2016թ. քաղաքապետ Գիյոմ Բարազոնեն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ Հայաստանը, 1991թ. անկախություն ձեռքբերելուց հետո բռնեց վերակառուցման ուղին՝ արժևորելով և պահպանելով իր հումանիստական ինքնությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։ Գ․Բարազոնեն համոզմունք հայտնեց նաև, որ Դոմինիկ դը Բումանը՝ որպես Շվեյցարիայի թիվ մեկ քաղաքացի և Հայաստանի մեծ բարեկամ, կանի ամենը Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում առավել ամրապնդելու ուղղությամբ։ Ժնև կանտոնի պետական խորհրդի նախագահ Ֆրանսուա Լոնշանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանը և Շվեյցարիան կապող բարեկամական հարաբերություններին և, մասնավորապես, Դոմինիկ դը Բումանի գործունեությանը՝ հօգուտ այդ բարեկամական հարաբերությունների ամրապնդման։ Ի շարունակություն մյուս բանախոսների՝ նա կարևորեց դը Բումանի դերը Շվեյցարիայի հիմնական օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության պատմական իրողության ճանաչման գործում։ Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Դոմինիկ դը Բումանը մասնավորապես նշեց, որ Հայաստանն ու Շվեյցարիան շատ ընդհանրություններ ունեն: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության իրողության և պատմական արդարության ճանաչմանն ուղղված ջանքերին՝ դը Բումանը հատկապես կարևորեց պայքարը ժխտողականության դեմ: Նա հիշեցրեց, որ ցեղասպանություն եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը իրավական այդ նեոլոգիզմը սահմանելիս հիմնվել էր երկու՝ հայ և հրեա ժողովուրդների բնաջնջման ուսումնասիրության վրա: Նա իր խոսքում ջերմորեն անդրադարձավ նաև շվեյցարահայ համայնքի ներկայությանը՝ նշելով, որ Շվեյցարիայում իրականում չկան փոքրամասնություններ կամ ազգային համայնքներ, քանի որ Շվեյցարիայում չկա նաև բացարձակ մեծամասնություն կազմող ազգային խումբ։ Հետևապես, պետք է մշտապես պահպանել և արտահայտել սեփական ինքնությունը՝ միևնույն ժամանակ հարգելով նաև այլոց ինքնությունը: Տեղեկանք. Համաձայն Շվեյցարիայի Սահմանադրության՝ Ազգային խորհրդից և Պետությունների խորհրդից կազմված Դաշնային խորհրդարանը համարվում է երկրի իշխանության բարձրագույն մարմինը, իսկ Ազգային խորհրդի նախագահը, հանդիսանալով Դաշնային խորհրդարանի նախագահ, երկրի «Առաջին քաղաքացին»։

Նմանատիպ նյութեր