211652_close_icon
views-count4049 դիտում article-date 14:11 17-01-2018

ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն ամփոփել է 2017-ի գործունեությունը

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն այսօր ամփոփել է հանձնաժողովի 2017 թ. գործունեությունը՝ ներկայացնելով տարվա ընթացքում հանձնաժողովում բարձրացված հանրային առավել մեծ նշանակության հարցերը: Ամփոփիչ ասուլիսին մասնակցել են նաև հանձնաժողովում ընդգրկված ենթահանձնաժողովների նախագահները: Նշենք, որ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն ունի 18 ենթահանձնաժողով: 1. Հարկային քաղաքականություն և հարկային նոր օրենսգիրք Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում դեռևս 2016 թվականից ուշադրության կենտրոնում է եղել Հարկային նոր օրենսգիքի նախագիծը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը (ՖՏԲ) բազմիցս քննարկել է հարցը և ներկայացրել է առաջարկներ. օրինակ՝ սահմանել եկամտային հարկի 20% միասնական դրույքաչափ, միասնական դրույքաչափ սահմանել օտարերկրյա քաղաքացիների և ՀՀ քաղաքացիների շահաբաժինների մասով, ինչը կնպաստի օտարերկրյա ներդրումների ավելացմանը, երկարաձգել հիմնական ամորտիզացիոն ժամկետները, փոփոխել շրջանառության հարկի շեմը և այլն: Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել են վերոնշյալ հարցերը, և արձանագրվել է, որ հարկային օրենսգիրքն այս ձևով ընդունելը կարող է բացասական հետևանքներ թողնել հարկային համակարգի, գործարար միջավայրի, ՏՏ ոլորտի և ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման վրա: ՀԽ առաջարկները ներկայացվել են ՀՀ կառավարություն: 2. Պետություն-մասնավոր հատված համագործակցություն Հարցը քննարկվել է հանձնաժողովի տարբեր ենթահանձնաժողովներում: Ընդգծվել է պետության մասնակցությունը տնտեսության կարգավորման գործում, կարևորվել պետական աջակցության ավելացումն արտահանմանն ուղղված տնտեսվարող սուբյեկտների վարկերի փոխհատուցման հարցում, ձեռնարկություններին հասցեագրված ֆինանսական աջակցության կատարելագործումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումն ու ընդլայնումը և այլն: Առաջարկները ներկայացվել են ՀՀ կառավարություն, որոնց մի մասն ընդունվել է: ՀՀ կառավարությունը 2017 թ. վերջին հանձնարարել է պատկան մարմիններին մշակել պետություն-մասնավոր հատված համագործակցության վերաբերյալ հայեցակարգ: 3. Արդյունաբերություն Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը բազմաթիվ նիստերի ընթացքում անդրադարձել է արդյունաբերական առանձին ձեռնարկությունների վերագործարկման խնդիրներին, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանն առնչվող հարցերին: Մասնավորապես քննարկվել են «Նաիրիտ» և «Վանաձոր-քիմպրոմ» գործարանների վերագործարկման և զարգացման խնդիրները: Հանքարդյունաբերության ոլորտում տեղի են ունեցել լեռնահանքային արդյունաբերության քաղաքականության հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումներ, ներկայացվել են առաջարկություններ: Քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտում օրենսդրական խնդիրները, ինչպես նաև առանձին խնդիրներ, որոնք վերաբերում են Արագածի պեռլիտի գործարանի ոչ արդյունավետ շահագործմանը, Արագածավան համայնքի տարածքում օբսիդիանի հանքավայրի շահագործումն արգելակող հանգամանքներին, Սիսիանի տարածաշրջանի Կարկառի գեոթերմալ հանքավայրի շահագործման նպատակով Համաշխարհային բանկից ստացած դրամաշնորհի ոչ արդյունավետ օգտագործմանը և այլն: Հանձնաժողովի Գիտարդյունաբերության և նորագույն տեխնոլոգիաների ենթահանձնաժողովում (նախագահ՝ Իրինա Հովակիմյան) քննարկվել են առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերը (նոր դեղերի արտադրության, նոր սարքավորումների ստեղծման հետ կապված կոնկրետ նախագծեր), գիտահետզոտական ինստիտուտների վերագործարկման, ջերմամիջուկային էներգիայի զարգացման խնդիրները և այլն: Վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ կառավարություն: 4. Տնտեսության զարգացում և ներդրումներ Հանձնաժողովի Տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովում (նախագահ՝ Արմեն Ավագյան) քննարկվել են Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների ներդրման քաղաքականության արդյունավետության հարցերը, ինչպես նաև տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտությունը, որոնց վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել ՀՀ նախագահին ու վարչապետին: Քննարկվել է Զբոսաշրջության զարգացման հարցը: Հանձնաժողովի առանձին նիստում անդրադարձ է եղել տուրիստական գործակալությունների՝ զբոսաշրջության զարգացմանը նպաստող առաջարկություններին, մեկ այլ նիստում՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Քննարկվել են նաև էկոտուրիզմի զարգացմանը, բնական հուշարձանների արդյունավետ օգտագործմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող հարցեր: Այդ ամենի վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտե: 5. Քաղավիացիայի զարգացում Հանձնաժողովի Օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովը (նախագահ՝ Դմիտրի Աթբաշյան) տարվա ընթացքում մշտապես քննարկել է քաղավիացիայի զարգացմանն առնչվող հարցեր, հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես քննարկվել են ավիափոխադրումների ոլորտում հավասար պայմանների ապահովման, տեղական ավիափոխադրողների ստեղծման, փոքր ավիացիայի զարգացման, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի բարեփոխման և Օդային օրենսգրքի ընդունման անհրաժեշտության խնդիրները: Ենթահանձբաժողովը մշակել է Օդային օրենսգրքի նախագիծ և ներկայացրել ՀՀ կառավարություն և ՀՀ Ազգային ժողով: Ենթահանձնաժողովի նախագահն ու անդամները քաղավիացիային առնչվող հարցերն առանձին քննարկել են նաև ՀՀ վարչապետի հետ, ներկայացրել համալիր ծրագիր: 6. Մետրոպոլիտենի զարգացում Երևանի մետրոպոլիտենի զարգացման՝ մասնավորապես Աջափնյակ կայարանի կառուցումն ավարտին հասցնելու հարցի վերաբերյալ տարվա ընթացքում ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում մի քանի անգամ կազմակերպվել են քննարկումներ: Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն հարցն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու նպատակով: ՀՀ կառավարության հանձնարարությամբ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեն հարցը քննարկել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ և, ստանալով դրական եզրակացություն, նոր կայարանի կառուցման հարցը համարել է նպատակահարմար և անհրաժեշտ: 7. Քաղաքային տրանսպորտ Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման և երթևեկության հարցերի ենթահանձնաժողովը (նախագահ՝ Տիգրան Հովհաննիսյան) քննարկել է ավտոտրանսպորտային ոլորտում ծագող ամենատարբեր խնդիրները՝ տաքսի ծառայություններին առնչվող հարցեր, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումներ, երթևեկության միասնական ցանցի ստեղծմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր և այլն: Պատկան մարմիններին ներկայացվել են առաջարկներ: 8. Ֆինանսական քաղաքականություն Հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկվել են ֆինանսական ոլորտում՝ մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկի նախագծերում սպառողների պաշտպանությանը վերաբերող հարցեր, վարկավորման տոկոսադրույքների հիմնավորվածությանն առնչվող խնդիրներ և այլն: 9. Այլ հարցեր ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում և ենթահանձնաժողովներում անդրադարձ է եղել նաև բազմաթիվ անհատական դիմումների, որոնք առնչություն ունեն հանձնաժողովի գործունեության հետ, կազմակերպվել են շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ, որոնց ընթացքում որոշակի լուծումներ են առաջարկվել կողմերին:

Նմանատիպ նյութեր