Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարը դեռ երկու օր կմնա Բաթումիի հիվանդանոցում
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ մշտական կապի մեջ է ինչպես հարձակման ենթարկված Արթուր Սուքիասյանի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։
Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև, դուրս գրվի։ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն։
Հիշեցնենք, որ Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել էին ՀՀ քաղաքացի, 31-ամյա Արթուր Սուքիասյանի վրա և նրա մոտից հափշտակել 30 000 լարի: Նրա վրա հարձակվել են երկու անձինք, բութ առարկայով հարվածել գլխին:
Գործարարը գումարը վերցրել էր Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար: Հայ գործարարը Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է: