Որոշվում են Հայաստանի 2017 թ. տասը լավագույն մարզիկները
Հարցազրույց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ
[b]-Պարո´ն Ռոստոմյան: Այսօր ավարտվում է «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, որն առաջին անգամ անցկացվում է նոր ձևաչափով՝ նաև հանրության մասնակցությամբ: Ինչո՞վ է պայմանավորված նոր կարգի սահմանումը:
[/b]
-Տարվա 10 լավագույն մարզիկներին իրենց սահմանած որոշակի չափորոշիչներով որոշել են միայն մարզական լրագրողները: Սակայն նրանց կատարած ընտրության արդյունքները, հատկապես վերջին տարիներին, հանրությունը միանշանակ չէր ընդունում, ինչը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տալիս: Հասունացել էր «Հայաստանի 10 լավագույն մարզիկների» ընտրության ընթացակարգը ավելի թափանցիկ ու արդար դարձնելու անհրաժեշտությունը:
Այդ պատճառով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և մասնակցությամբ ՀԱՕԿ-ի և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ դեռ գարնանից բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել: Արված առաջարկությունները քննարկելու և կանոնակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովը շուրջ ինն ամսվա ընթացքում բազմաթիվ նիստեր է գումարել և հրապարակի վրա հայտնվել է նոր ձևաչափով փաստաթուղթը:
[b]- Ինչո՞վ է նոր կարգը տարբերվում հնից:
[/b]
- Առաջին անգամ «Հայաստանի 10 լավագույն մարզիկների» ընտրությանը նաև հանրությանը մասնակցելու հնարավորություն է ստեղծվել: Յուրաքանչյուր մարզասեր, քաղաքացի կարող է sms հաղորդագրությունով ընտրել իր նախընտրած մարզիկին, իսկ նախարարությունում քվեարկությանը հավատարմագրված մարզական լրագրողներից յուրաքանչյուրը բաց քվեարկությամբ հանձնաժողովին և հանրությանն է ներկայացնելու լավագույն տասնյակի իր տարբերակը:
Հանձնաժողովը հրապարակայնորեն համադրելու է մարզասերների և լրագրողների քվեարկության արդյունքները, որոնց հանրագումարով հրապարակելու է համընդհանուր քվեարկությամբ ճանաչված 10 լավագույն մարզիկների անունները:
Այստեղ շատ կարևոր երկու նորություն կա, և հասարակությունը պետք է անպայման տեղյակ լինի: Նախ, Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության չափորոշիչներն են՝ մարզական բարձր նվաճումները և Հայաստանի հանրահռչակման պարագան: Սրանք միմյանց փոխլրացնող հանգամանքներ են:
Եվ երկրորդ, համաձայն կանոնակարգի, չի որոշվում լավագույն մարզիկ՝ որոշվում են Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Այդ ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են:
[b]- Նախկինում որոշված լավագույն տասնյակի արդյունքները հանրությունը միանշանակ չէր ընդունում՝ կարծելով, թե լրագրողների վրա ինչ-որ ճնշումներ էին լինում կամ նրանց ուղղորդում էին:
[/b]
- Նման բան երբեք չի եղել: Բայց հենց այդ թեման էլ օրակարգից հանելու նպատակով է այս ամենն արվել: Ի դեպ, ոչ նախարարությունը, ոչ ՀԱՕԿ-ը, ոչ էլ ազգային ֆեդերացիաները քվեարկության գործընթացին չեն միջամտում: Նախարարությունն ընդամենը ազատ, արդար և թափանցիկ քվեարկության համար պայմաններ է ապահովում:
[b]- Տարբեր կազմակերպություններ ու լրատվամիջոցներ անցկացնում են լավագույն տասնյակի իրենց քվեարկությունը:
[/b]
-Դա նրանց իրավունքն է: Սակայն ՀԱՕԿ-ը պաշտոնապես ճանաչում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարած «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:


