211652_close_icon
views-count14364 դիտում article-date 15:31 28-12-2017

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենաներ նվիրեց Հայաստանի 2017 թ. տասը լավագույն մարզիկներին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, հյուրեր։ Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ շնորհեց մի շարք մարզիկների և մարզիչների, խրախուսեց նաև դրամական պարգևներով ու նվերներով. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհեց ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանին և ՀԱՕԿ Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանին, ՀՀ վաստակավոր մարզչի կոչում՝ Իսրայել Միլիտոսյանին, Վահագն Հարությունյանին, Ռոման Ակոպովին, Գրիգոր Գրիգորյանին, Ալեքսան Հովհաննիսյանին, Արա Խեբոյանին, Մելիք Ղուկասյանին։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավտոմեքենաներ նվիրեց լավագույն տասնյակին, ինչպես նաև անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։ ՀԱՕԿ նախագահը հույս հայտնեց, որ 2018 թվականին մեր մարզիկներն էլ ավելի շատ մեդալեր կնվաճեն, հատկապես՝ ոսկե. «Տեսնելով մեր մարզիկների հաջողությունները՝ յուրաքանչյուր հայ հպարտանում է, որ հայ է։ Մարզիկների շնորհիվ հնչում է Հայաստանի օրհներգը, բարձրանում դրոշը: Այդպիսով նրանք նպաստում են մեր երկրի ճանաչմանը։ Մենք քիչ ենք, բայց մեր հաղթանակներն ու հաջողությունները շատ մեծ են։ Տարեցտարի բոլոր մարզաձևերում հայ մարզիկներն առաջ են շարժվում, մեդալների թիվն էլ ավելանում է։ Աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն հենց այնպես չես կարող դառնալ: Դրա համար պետք է մեծ կամքի ուժ և ձգտում։ Բարձր եմ գնահատում Հենրիխ Մխիթարյանի կատարած աշխատանքը։ Այս տարի նրա անունը միջազգային լրատվամիջոցներում հնչել է հազարավոր անգամներ, ասվել է նաև մեր երկրի անունը։ Մեծ հպարտության առիթ է նաև Լևոն Արոնյանի հաջողությունները։ Փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ Նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց 10 լավագույն մարզիկներին, նրանց հանձնեց հավաստագրեր և խորհրդանիշ-արձանիկներ. «Այս տարին լի էր հաղթանակներով, ապրումներով, բերկրանքով, նաև նոր հույսերով, որոնց իրականացմանը մենք լծվելու ենք 2018 թվականին։ Ընթացիկ տարվա մարզական արդյունքների ամփոփումն առանձնահատուկ էր, քանի որ առաջին անգամ ՀՀ սպորտի և երիտասարսության հարցերի նախարարությունն իր վրա պատասխանատվություն էր վերցրել՝ սահմանելու խաղի նոր կանոններ։ Մենք համատեղելի ենք դարձրել մարզական բարձր նվաճումների ու Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերելու հանգամանքները։ Առաջին անգամ էր նաև, որ որոշումների կայացման գործընթացին մասնակցեց հանրությունը։ Հարգելի´ պարոն նախագահ, վստահեցնում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցային արդյունքներ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։ 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկներ դարձել են՝ Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանն ու Տիգրան Կիրակոսյանը:

Նմանատիպ նյութեր