«Բարսելոնան» Մադրիդում ջախջախեց «Ռեալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության և համաշխարհային ֆուտբոլի գլխավոր խաղում Մադրիդի «Ռեալը»՝ Լա Լիգայի 17-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»:
Այսքան սպասված սուպերկլասիկոն ինչ-որ առումով սենսացիոն ելք ունեցավ: Առաջին խաղակեսում մադրիդցիները տարածքային և խաղային մեծ առավելություն ունեին, գոլային մի քանի պահ ստեղծեցին, բայց վստահ էր խաղում դարպասապահ Տեր Շտեգենը:
Սակայն երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց: Կատալոնացիները աստիճանաբար իրենց ձեռքը վերցրեցին նախաձեռնությունը և շուտով գեղեցիկ կոմբինացիայից հետո Լուիս Սուարեսը բացեց հաշիվը:
64-րդ րոպեին «Ռեալի» վիճակը անհույս դարձավ. մադրիդցիների պաշտպան Կարվահալը իր տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար հեռացվեց խաղադաշտից, նշանակվեց 11 մետրանոց հարված, որը իրացրեց Լիոնել Մեսին:
Իսկ հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Մեսին հիանալի անցում կատարելուց հետո իդեալական փոխանցում արեց փոխարինման դուրս եկած Ալեիշ Վիդալին, որի հարվածը Կեյլոր Նավասը անզոր էր կասեցնել՝ 0:3:
Կատալոնացիները փայլուն հաղթանակ տարան և Իսպանիայի չեմպիոնի համար պայքարում, կարծես թե վերջակետ դրեցին: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 45 միավոր և բոլորից կիլոմետրով առաջ է անցել, իսկ «Ռեալը»՝ 31 միավորով 4-րդն է:
[b]Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր
[/b]
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0։3
Լուիս Սուարես, 54, Լիոնել Մեսի, 64, 11մ, Ալեիշ Վիդալ, 90+3



