211652_close_icon
views-count1953 դիտում article-date 16:22 20-12-2017

ՏԿԶ նախարարության պատվիրակությունը Էստոնիայում քննարկելու է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մեկնել են Էստոնիայի Հանրապետություն: Հայկական պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության Էստոնիայի կենտրոնի կողմից «Տեղական ինքնակառավարման կառուցվածքը և բարեփոխումը» թեմայի շրջանակներում կազմակերպված այցին: Պատվիրակության կազմում են նախարարության ֆինանսատնտեսագիտական և տեղական բյուջեների վարչության պետ Արմեն Մանուկյանը, վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արա Ռոստոմյանը, ինչպես նաև Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: Եռօրյա այցի ընթացքում տեղի են ունենալու հանդիպումներ Էստոնիայի Հանրապետության կառավարության, քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստանի և Էստոնիայի միջև ծավալված համագործակցության արդյունքում իրականացված և նախատեսվող ծրագրերը, մասնավորապես՝ համայնքային ծառայությանը, վարչատարածքային բարեփոխումներին վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբեր ամսին Հայաստանում էր Տալլինի զարգացման և վերապատրաստման կենտրոնի գործադիր խորհրդի նախագահ Տոմաս Ստեպի գլխավորած պատվիրակությունը և նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ նույնպես ընդգծվել էր համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը, ինչը միտված է համայնքային ծառայությունն ամրապնդելուն և կայացնելուն:

Նմանատիպ նյութեր