211652_close_icon
views-count5644 դիտում article-date 17:08 19-12-2017

Նոր դաշինքներ են կնքելու. Թրամփը փոխում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը

Պետություն, որը պատրաստ չէ հաղթել պատերազմը բոլոր ուղղություններով, ի վիճակի չէ կանխել պատերազմը, հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4169058.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Փաստաթուղթը, նախագահի խոսքով, մշակվել է առաջնորդվելով Ամերիկայի պատմական դերի վրա. «Մենք ազատագրել ենք գերված ժողովուրդներ, նախկին թշնամիներին դարձրել լավագույն բարեկամներ, զարգացրել, աղքատությունից դեպի բարգավաճում ուղեկցել տարածաշրջաններ»: ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունն ունի երեք հիմնասյուն՝ նշում է Դոնալդ Թրամփը: Առաջինն է՝ քաղաքացիների պաշտպանությունը երկրի ներսում, ինչը նշանակում է ապօրինի ներգաղթի, ահաբեկչության և միջազգային քրեական ցանցերի դեմ պայքար. «Պետություն, որը չունի սահմաններ, պետություն չէ»: Երկրորդ հիմնասյունն է ամերիկյան տնտեսական բարգավաճման ապահովումը. «Տնտեսական հզորությունն ու բարգավաճումն անհրաժեշտ են արտերկրում Ամերիկայի հզորության և ազդեցության պահպանման համար: Ցանկացած պետություն, որը զոհաբերում է իր բարգավաճումը հանուն անվտանգության, արդյունքում երկուսից էլ կզրկվի»: Տնտեսական զարգացումն ապահովելու համար նախագահ Թրամփը նախատեսում է կրճատել հարկերը և վերակառուցել երկրի ենթակառուցվածքները, ինչը նշանակում է նոր ճանապարհներ, օդանավակայաններ, կամուրջներ: ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության երրորդ հիմնասյունը խաղաղության ապահովումն է. «Թուլությունը հակամարտություն է առաջացնում, իսկ պաշտպանության առավել հուսալի միջոցը հզորագույն ուժն է»: ԱՄՆ-ի նախագահը նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերը, արդիականացնել երկրի Զինված ուժերը, առավելության հասնել տիեզերքում և ամրապնդել դաշինքները: «Ռուսաստանն ու Չինաստանի մարտահրավեր են նետում ամերիկյան ազդեցությանը, արժեքներին և բարեկեցությանը: Մենք կփորձենք գործընկերություն կառուցել այս և այլ երկրների հետ, սակայն՝ միայն պահպանելով մեր ազգային շահերը»: Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփն ընդգծում է՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում որևէ մեկի պարտադրել իր ապրելակերպը, սակայն, միշտ պատրաստ է պաշտպանել իր արժեքները: «Մենք նոր դաշինքներ ենք կնքելու նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները և միասնական շահերը դարձնելու ենք միասնական նպատակներ»: Դոնալդ Թրամփի խոսքով, ապագայի աշխարհը, որը տեսնում է Ամերիկան, կազմված է սեփական քաղաքացիներին և հարևաններին հարգող հզոր, անկախ պետությունների միասնությունից:

Նմանատիպ նյութեր