Հայաստանի և ԵՄ միջև վիզայի ազատականացումը առանձին և տևական գործընթաց է. Ֆրանսիայի դեսպան
«Այսօր մենք գիտակցում ենք այն արժեքը, որով օժտված է նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Դեսպանը նկատեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համապարփակ փաստաթուղթ է, որը բացի առևտրային դյուրինացված մոտեցումներից՝ ճյուղային համագործակցության հնարավորություններ է ընձեռում:
Լաքոտը պարզաբանեց, որ Հայաստանի և Եվրամիության միջ վիզայի ռեժիմի ազատականացման հարցն առանձին և տևական գործընթաց է և ներառված չէ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում։
«Այս գործընթացի համար շատ կարևոր է որոշակի պայմանավորվածությունների գոհացուցիչ համապատասխանեցումը: Երբ այդ անհրաժեշտ պայմաններն ի մի բերված լինեն, վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացի բանակցությունների մեկնարկը կտրվի, ինչն էլ ենթադրվում է՝ պետք է հանգեցնի վիզայի ռեժիմի ազատականացմանը»,- ասել է Ժոնաթան Լաքոտը:
Դեսպանը վստահեցրեց նաև, որ Ֆրանսիան վճռականորեն լծվել է Արցախի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծման տանող աշխատանքին:
«Ֆրանսիան իր վճռականությունն է ցուցաբերում լիակատար կերպով իրականացնել այն պարտավորությունները, որ ստանձնել է Մինսկի խմբի կազմում»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: