211652_close_icon
views-count3617 դիտում article-date 22:34 08-12-2017

ՀՀ Ազգային ժողովում բաց դասեր են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Լեւ Տոլստոյի անվան համար 128 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստերի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, մշտական հանձնաժողովների, բարեկամական խմբերի գործառույթներին: Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարբեր ոլորտների խնդիրների կարգավորմանը: Աշակերտները պատգամավորին ներկայացրել են նաեւ իրենց մտահոգող խնդիրները, որոնց թվում էին անհրաժեշտ քանակի համակարգիչների, ինչպես նաեւ բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների բացակայությունը իրենց կրթօջախում: Ռուզաննա Մուրադյանը խոստացել է աշակերտներին առաջիկայում այցելել դպրոց եւ ներկայացված խնդիրների համար գտնել համապատասխան լուծումներ: ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 8-ին խորհրդարան են այցելել նաեւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին: Հերթական բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ողջունելով ուսանողներին Ազգային ժողովում՝ Կարինե Աճեմյանը ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, անդրադարձել երկրի սոցիալ -տնտեսական, մշակութային խնդիրներին: Պատգամավորն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերին ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Կարինե Աճեմյանին, որոնք մասնավորապես վերաբերել են Արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, հայկական մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու խնդիրներին: Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր