Գեղարքունիքի դպրոցներում ցեղասպանության 100-ամյակին նվիրված բաց դասեր կանցկացվեն
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հաստատմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը, որը պարունակում է 15 հիմնական կետ:
Ինչպես տեղեկացրին վարչությունից, հանրակրթական հաստատություններում կանցկացվեն «Պատմիր քո պատմությունը» խորագրով բաց դասեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին:
«Հիշում եմ եւ պահանջում» վերնագրով բաց դասեր կկազմակերպվեն՝ նվիրված տարբեր ազգերի ցեղասպանություններին, կձեւավորվեն պատի թերթեր, բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշակոթողների, հուշարձանների տարածքներում:
Կկազմակերպվի Հայոց մեծ եղեռնի ժամանակ Գավառի տարածաշրջան ներգաղթածների մասին պատմող լուսանկարների ցուցադրություն, մեծահասակների շախմատի մարզային առաջնություն, երիտասարդական հավաք-քննարկում:
Ապրիլի 24-ին մարզի համայնքներում տեղի կունենա ծաղկեդրման արարողություն, իսկ Գավառ քաղաքում` երթ եւ մոմավառություն: