211652_close_icon
views-count4920 դիտում article-date 22:22 07-12-2017

Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրիրը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ: Ծրագիրը մշակվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ և միջազգային մի շարք կառույցների աջակցությամբ: «Մեր նպատակն է ամփոփել, ընդհանուր տեսլական ունենալ, հասկանալ մեր բաց տեղերը, քանի որ սա շատ կարևոր ծրագիր է, առանց որի հնարավոր չէ անասնաբուծություն զարգացնել: Ծրագրում ներառված է և' անասնաբուժությունը, և' վերահսկողությունը, և' որակի բարձրացումը, ինչը թույլ կտա ապահովել ոլորտի առավել գրագետ և համակարգված զարգացումը Հայաստանում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախաձեռնել են անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխություններ, այդ թվում` անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, կենդանիների համարակալում, երկրի համաճարակային քարտեզի ձևավորում, ինչը կհանգեցնի նաև երկրի դիրքի բարելավմանը և արտաքին առևտրի խթանմանը: «Այս ողջ գործընթացում հենասյուներից մեկը կենդանիների համարակալումն է, որը նախատեսված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում», - հավելել է Իշխան Կարապետյանը: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպում, սննդամթերքի անվտանգության առավել արդյունավետ կառավարում, մաքրացեղ տոհմային կենդանիների բուծում, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, արտահանման հնարավորությունների ընդլայնում: Ծրագրով նախատեսվում է ստեղծել Կենդանիների նույնականացման և համարակալման պետական հիմնադրամ, որի կենտրոնական գրասենյակը կլինի Երևանում, իսկ մարզերում կունենա 42 մասնաճյուղ: Կարևորվել է նաև ծրագրի վերաբերյալ համայնքներում իրազեկման աշխատանքների կազմակերպումը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի փաթեթը քննարկել այլ դոնոր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ ևս՝ այն սեղմ ժամկետում կյանքի կոչելու նպատակով: ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կազմակերպություններին տրամադրել առավել համապարփակ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ: Ծրագրի մշակման ընթացքում հայ մասնագետները խորհրդակցել են միջազգային փորձագետների հետ, ծանոթացել այլ երկրներում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքին:

Նմանատիպ նյութեր