211652_close_icon
views-count8370 դիտում article-date 16:29 02-12-2017

Արցախի Ազգային ժողովում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Արցախի Ազգային ժողովում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները՝ խորհրդարանական խմբակցությունների և գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումներին ներկա է եղել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Կառավարության հետ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամները հնչեցրել են չօգտագործվող բնակֆոնդի շահագործմանը, վթարային շինությունների ամրացմանը, ջրամբարների և ջրատար համակարգերի վերակառուցմանը, զբոսաշրջության ոլորտում հայեցակարգային մոտեցումների ձևավորման վերաբերյալ հարցեր և առաջարկություններ: 2018 թվականի բյուջեի քննարկումների շրջանակներում «Շարժում-88» խմբակցությունը հանդես է եկել առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, Արցախի գիտական կենտրոնի կողմից իրականցվող հետազոտությունների, դպրոցական սննդի և համազգեստների վերաբերյալ առաջարկներով: «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի հարցերն ու առաջարկությունները պետական համակարգում ծառայողական մեքենաների սպասարկման ծախսերի կրճատման, առողջապահական համակարգում, մասնավորապես ծննդօգնության բնագավառում բարեփոխումների, Շուշիում խմելու ջրի մասին էին: «Ժողովրդավարություն» խմբակցության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների ընտանիքների համար սոցիալական երաշխիքներին, սոցիալական ապահովության կենտրոնական և շրջանային մարմինների գործառույթներին, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ինչպես նաև կրթության բնագավառում հրատապ համարվող հարցեր: Գալիք տարվա բյուջեի մասին օրենքի շուրջ քննարկումները ավարտվել են «Հայրենիք» խմբակցության հետ հանդիպմամբ: Պատգամավորներին հետաքրքրում էին երկարաժամկետ տնտեսական ծրագրերի հետ կապված և տնտեսության առաջատար ճյուղերի զարգացման նորությունները, հարկային քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունները և այլ հարցեր: [b]Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր