1684 դիտում
22:23 30-10-2014
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թ.պետական
բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու
ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ
նիստում Մարգարիտ Եսայանի եւ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ հոկտեմբերի 30-ին
քննարկվել է «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով
նախատեսված՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման
հարցը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի
ֆինանսավորման ծավալները, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ
Տաթեւիկ Խաչատրյանը` ոլորտի ձեռքբերումներն ու կարիքները:
Պավել Սաֆարյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
պահպանման ծախսերը գալիք տարի կազմելու են 249,6 մլն դրամ, որն այս տարվա
ցուցանիշից ավելի է 26,4 միլիոն դրամի չափով: Ավելացել են ընթացիկ ծախսերը,
որոնցից 29 մլն դրամ կազմում է աշխատավարձերի բարձրացումը:
Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ ՄԻՊ-ի աշխատակազմում գործում են 24 ժամ գործող
թեժ գիծը եւ արագ արձագանքման խմբերը, որոնք նույնպես նախատեսվում է պահպանել
2015 թվականի պետական բյուջեի միջոցներով: 2015 թվականին նոր հաստիքներ չեն
ավելացվելու: Նա նշել է, որ նախատեսված ֆինանսական միջոցները բավարար են ՄԻՊ
գրասենյակի ծախսերը հոգալու համար: ՄԻՊ տեղակալը նաեւ հավելել է, որ անհրաժեշտ
են համարում ՀՀ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում իրականացնել
փոփոխություններ, ինչը ըստ նրանց՝ կբարելավի ՄԻՊ աշխատակազմի աշխատանքը:
Այս տարի եւս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվել է
դրամաշնորհներից:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային
հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին Նաիրա
Զոհրաբյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվել են «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի
մասին» ՀՀ օրենքի նախագծում ընդգրկված եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող
ֆինանսական հատկացումներն ու նախատեսված ծրագրերը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի
ֆինանսական հատկացումները: Նա նշել է, որ ԵՄ-ից ֆինանսական հատկացումներ են
ստացվելու նպատակային եւ ուղղակի դրամաշնորհների ձեւով: Նպատակային
դրամաշնորհները կազմում են 14 մլն 387 հազար եվրո գումար, իսկ ուղղակի
դրամաշնորհները՝ 20 մլն եվրո: Նպատակային դրամաշնորհներ տրվելու են երեք
ուղղություններով՝ Եվրոպական միության Հարեւանության ներդրումային ծրագրի
աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ
«Գոգավան» անցման կետերի արդիականացման դրամաշնորհային ծրագրի գծով
տրամադրվելու է 6 մլն 120 հազար եվրո գումար, ԵՄ աջակցությամբ իրականացվող
նույն անցման կետերի արդիականացման դրամաշնորհային ծրագրով` 2 միլիոն դրամ,
2.8 մլն եվրո էլ հատկացվելու է ԵՄ աջակցությամբ իրականացվող ՀՀ փոքր
համայնքների ջրային խնդիրների լուծման համար: Ուղղակի դրամաշնորհները եւս
բաշխվելու են երեք ուղղություններով:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատգամավորների
քննարկմանը ներկայացրել է ոլորտում 2015 թվականի համար նախատեսված ծրագրերը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն
եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից: Նա ընդգծել է, որ
Հայաստանը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ հաշվի
առնելով նաեւ ԵՏՄ-ում ստանձնած պարտավորությունները: Նա տեղեկացրել է, որ
նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ԵՄ-ի հետ առաջիկա համագործակցության
առեւտրատնտեսական բաղադրիչի շուրջ, որին կհաջորդեն նաեւ քաղաքական
խորհրդակցություններ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ձեւաչափերի վերաբերյալ:
Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Նմանատիպ նյութեր
1462 դիտում
21:10 09-12-2015
ԼՂՀ Ազգային Ժողովում շարունակվել են 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները խմբակցություններում
8367 դիտում
16:29 02-12-2017
Արցախի Ազգային ժողովում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»