211652_close_icon
views-count5295 դիտում article-date 14:08 01-12-2017

Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է համագործակցության նոր ուղղություններ գտնել Հայաստանի էներգետիկայի ոլոտում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Հայաստանի էներգետիկայի և ջրային ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերում բանկի մասնակցության հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի փոխգործակցության համար։ Համաձայնելով նախարարի դիտարկմանը՝ Վազիլ Հուդակը ընդգծել է, որ համաձայնագիրը ևս մեկ քայլ է համատեղ ծրագրեր իրականացնելու ճանապարհին։ Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է համագործակցության նոր ուղղություններ գտնել էներգետիկայի ոլոտում։ Այդ համատեքստում Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է նախատեսվող ներդրումային ծրագրերը՝ առաջարկելով քննարկել դրանցում բանկի մասնակցության հնարավորությունները։ Նախարարն անդրադարձել է մասնավորապես «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, «Շնող» ՀԷԿ-ի, կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրերի ընթացքին, խոսել նորերի մասին։ Ընդգծվել է, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանը դիտարկում է մինչև 16 մեգավատ հզորությամբ առաջին մարտկոցի կառուցման պիլոտային ծրագրի հնարավորությունը։ Վազիլ Հուդակը շնորհակալություն է հայտնել Աշոտ Մանուկյանին ներդրումային ծրագրերը համակողմանի ներկայացնելու համար և խոսել Եվրոպական ներդրումային բանկի հետաքրքրությունների և համագործակցության պատրաստակամության մասին։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր