211652_close_icon
views-count1100 դիտում article-date 18:39 27-02-2014

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով Մեծարգո՛ պարոն Նախագահ, ԶԼՄ-ների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ բարեկամ Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Մեծարգո պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Վրաստանի Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել Ձեզ հետ բարեկամության և ներդաշնակության ոգով աշխատելու մեր պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք Ձեր այցը Հայաստան, որի շրջանակներում ունեցանք գործնական և արդյունավետ բանակցություններ, քննարկեցինք հայ-վրացական հարաբերությունների ողջ օրակարգը: Մենք ավանդաբար մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի զարգացմանը: Հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունները մեր միջպետական փոխշահավետ համագործակցության երաշխիքն են և տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն ուղին: Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից է: Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել է երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացում: Նկատելիորեն ակտիվացել են փոխայցելությունները, որոնք քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վկայությունն են: Ես հանդիպման ժամանակ ասացի, որ 2013թ. տեղի են ունեցել վարչապետի մակարդակով մեկ և 15 նախարարական այցելություններ: Կարծում եմ, որ սա լավ քանակ է և խոսում է մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Իսկ ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթան է տնտեսական համագործակցության աշխուժացման համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը: Վստահ եմ, որ Երևանում գումարվելիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ տասներորդ նիստը հնարավորություն կընձեռի քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները: Մենք պարոն Նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենք՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը՝ Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակը՝ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին: Այս համատեքստում կարևորում եմ անցյալ տարվա ընթացքում հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևավորումը, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել 2014թ. մարտի 21-ին, Երևանում: Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրաց գործընկերներին ներկայացրեցի այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, անշուշտ նաև այն փաստարկների և մեր մոտեցումների ամբողջությունը, որի հիման վրա մենք կատարեցինք մեր ընտրությունը՝ միանալու Մաքսային միությանը: Անդրադարձանք հարավկովկասյան տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերին, որպես տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման կարևոր բաղադրիչի: Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կատարեցինք նաև միջազգային հարթակներում համագործակցության վերլուծություն և կարևորեցինք այդ հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումն ու զարգացումը: Վրաստանի Նախագահի հետ միակարծիք էինք, որ, բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Անշուշտ քննարկեցինք նաև կրթամշակութային համագործակցության հարցեր և արձանագրեցինք, որ այս բնագավառում մենք, իհարկե, դեռ անելիքներ ունենք: Պատմականորեն հայ և վրաց ժողովուրդները շաղկապված են ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությամբ: Դա այն հարստություն է, որը մենք պարտավոր ենք փայփայել, պահպանել և ամրապնդել: Ես խնդրեցի պարոն Նախագահին, որպեսզի իմ շնորհակալությունը փոխանցի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որ նա իր մասնավոր հիմնադրամից միջոցներ է հատկացրել Թբիլիսիում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգելու համար: Ամփոփելով խոսքս՝ թույլ տվեք վստահություն հայտնել, որ այս այցը որակական լիցք կհաղորդի Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական և ինչու ոչ՝ եղբայրական հարաբերությունների ամրապնդմանն ու կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ողջ ներուժի լիարժեք իրացմանը:

Նմանատիպ նյութեր