211652_close_icon
views-count2801 դիտում article-date 21:32 14-11-2018

Էներգետիկայի բնագավառում ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծում. մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովը

Նոյեմբերի 14-ին Երևանում մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ կարևորություն է տալիս վերականգվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը: Այս նպատակով կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Սրան են ուղղված բոլոր քայլերը՝ ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը ու ներդրողների հետ տարվող աշխատանքները: Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին: «Կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով»,- նշել է Ավինյանը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ ավանդական դարձած այս միջոցառումը լավ հարթակ է՝ ներկայացնելու Հայաստանի էներգետիկ համակարգի ձեռքբերումները, ոլորտում վերջին զարգացումները, նոր ներդրումային ծրագրերը և նախագծերը, ինչպես նաև քննարկելու, վեր հանելու այն խնդիրները, քայլերը, որոնք էլ ավելի գրավիչ և բարենպաստ կդարձնեն էներգետիկայի բնագավառի ներդրումային միջավայրը: Նախարարի պաշտոնակատարն իր ելույթում, կարևորելով տարածաշրջանային համագործակցությունը, ընդգծել է. «Մենք արդյունավետ համագործակցություն ենք իրականացում մեր հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ: 2020-21թթ. շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր, փոխանակումներ, առևտրային գործարքներ»: Բաղրամյանը նշել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը նաև կամուրջ է հանդիսանում Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ համակարգերի միջև: «Սա նույնպես լայն հնարավորություն է ստեղծում իրականացնելու բազմաթիվ ներդրումային ծրագրեր ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից»,- նշել է նա: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, այդ թվում՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղությունները: «Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Կատարելով օրենսդրական մեծածավալ բարեփոխումներ, կիրառելով ոլորտում առկա համաշխարհային լավագույն փորձը՝ մենք ստեղծել ենք ներդրողների համար գրավիչ դաշտ»,- ընդգծել է Գարեգին Բաղրամյանը: Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը, կարևորելով ոլորտի զարգացումը, կստեղծի բոլոր հնարավորությունները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայում ներդրումներ իրականացնելու համար (տես՝ ամբողջական ելույթը): Եռօրյա համաժողովի՝ «Էներգետիկայի շաբաթ 2018»-ի ընթացքում կներկայացվեն Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերջին զարգացումները, ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ կլինի երկրաջերմային, հողմային և հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրերին, արևային ՖՎ ներդրումային հինգ ծրագրերին: Համաժողովի մոտ 300 մասնակիցների թվում են դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ «Էներգետիկայի շաբաթ» ներդրումային համաժողովը էներգետիկ ոլորտի ամենամյա կարևոր միջոցառումներից է, որը կազմակերպվում է 2008 թվականից: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր