211652_close_icon
views-count15720 դիտում article-date 08:33 29-11-2017

Պատվաստմանը դեմ արտահայտվող օնկոլոգը շահագրգիռ է, որ շատ հիվանդներ լինեն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը պնդում է, որ պապիլոմավիուսի դեմ պատվաստումն արդյունավետ միջոց է՝ կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղը, որը նշված վիրուսն է հարուցում: Շատ բուժաշխատողներ, սակայն, ինչպես հայտնի է, դեմ են պատվաստմանը: Իսկ, մասնավորապես, ուռուցքաբան-գինեկոլոգներից կարելի է լսել, որ պապիլոմավիրուսը հնարավոր է շատ հեշտությամբ հայտնաբերել, հետևաբար՝ դրա դեմ պատվաստվելու կարիք չկա: Ու քանի որ հանրության մի ստվար հատվածը նույնպես խիստ բացասական կարծիք ունի պատվաստումների վերաբերյալ և հայտարարում է, որ երեխաներին պատվաստել թույլ չի տալու, ՀՀ առողջապահության նախարարության մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանից հետաքրքրվեցինք՝ եթե, այնուամենայնիվ, պատվաստումը մերժած կանայք կանոնավոր պարբերականությամբ հաճախեն բժշկի, արդյո՞ք պաշտպանած չեն լինի արգանդի պարանոցի քաղցկեղից: Այս և այլ հարցերի շուրջ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև: - Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելվում է երկու ճանապարհով: Առաջնային կանխարգելումը պատվաստումն է գարդասիլով, որը պաշտպանում է քաղցկեղից: Երկրորդայինը ՊԱՊ քսուկն է, երբ կինը կանոնավոր՝ երեք տարին մեկ հանձնում է ՊԱՊ քսուկ, որպեսզի հնարավոր լինի վաղ փուլում հայտնաբերել բջջային փոփոխությունները և կանխարգելել քաղցկեղի հետագա զարգացումը: Հետևաբար, մեր երկրում մենք չենք բացառում երկրորդային կանխարգելումը, նախ այն պատճառով, որ դեռևս միայն 13 տարեկաններն են պատվաստվելու, որը փոքր խումբ է, երկրորդը՝ այն կանանց, որոնք արդեն ունեցել են սեռական հարաբերություն, խորհուրդ ենք տալիս ենթարկվել ՊԱՊ քսուքի հետազոտության երեք տարին մեկ անգամ՝ իրենց կանանց կոնսուլտացիաներում՝ անվճար: [b]- Տիկին Ավագյան, այսինքն՝ այն օնկոլոգ-գինեկոլոգները, որոնք ասում են՝ սա այն վարակը չէ, որը դժվար է հայտնաբերել, ու ընդամենը տարին մեկ կամ վեց ամիսը մեկ անգամ բժշկի այցելելով դա կբացահայտվի, սխա՞լ են:[/b] - Եթե բացահայտվի էլ, ի՞նչ անենք: Վիրուսին օրգանիզմից դուրս հրավիրել մենք չենք կարող: Դժբախտաբար, այդ վիրուսը չի հեռանում օրգանիզմից: Կարող է հեռանալ միայն, եթե օրգանիզմն ունի շատ լավ պաշտպանական մեխանիզմներ, որովհետև սեռական հարաբերության ժամանակ կանանց 80 տոկոսը վարակվում է, բայց 80 տոկոսի մոտ չէ, որ առաջանում է արգանդի պարանոցի քաղցկեղ: [b]- Իսկ քանի՞ տոկոսի մոտ է առաջանում:[/b] - Տոկոսը չեմ կարող ասել... Այդ վիրուսի մի մասն օրգանիզմի միջոցների, իմունային պատասխանի շնորհիվ հեռանում է օրգանիզմից: Իսկ եթե չի հեռանում, այսօր դժբախտաբար չկան այնպիսի դեղեր, որոնցով կարողանանք պապիլոմա վիրուսը բուժել: [b]- Այսինքն՝ ստացվում է մեր բուժհաստատություններում, մասնավորապես Ուռուցքաբանության կենտրոնում, այդքան անտեղյակ բժիշկնե՞ր են աշխատում:[/b] Այստեղ շահերի բախում կա: Ես ներողություն եմ խնդրում այդ կարծիքն արտահայտողից, կարող է՝ այդպես չէ, բայց դա էլ իմ կարծիքն է. ինչքան շատ լինեն օնկոհիվանդները, այնքան ինքը շատ գործ կունենա: Շատ եմ ցավում, որ այդպիսի բան եմ ասում իմ գործընկերոջ վերաբերյալ, որը դեմ է պատվաստմանը, որովհետև ինքը պետք է հասկանա դրա կարևորությունը: Երբ աշխարհը մի բան է ասում, մենք չենք կարող հակառակվել: Երբեմն ինձ հարցնում են՝ ձեր կարծիքը: Չնայած բժշկական գիտությունների դոկտոր եմ, կարող եմ ունենալ իմ ձևավորված կարծիքը, բայց դա իմ անձնականը կարող է լինել: Ես հիմնվում եմ ապացուցողական բժշկության տվյալների վրա: Իսկ այսօր ապացուցողական բժշկությունը, բազմաթիվ հետազոտություններ ամփոփելով, գտել է, որ քաղցկեղի կանխարգելման, նվազեցման, մահացության իջեցման միակ ճանապարհը պատվաստումն է և ՊԱՊ քսուքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր