Իրավաբանական անձանց միությունները փաստի առաջ են կանգնել՝ օրենսդրական փոփոխությունների հետևանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Իրավաբանական անձանց միությունները (ԻԱՄ) փաստի առաջ են կանգնել՝ օրենսդրական փոփոխությունների հետևանքով։ Ներկայիս խնդիրների վերաբերյալ պետական մարմիների և շահագրիգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում եղավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով իրավաբանական անձանց միությունները, որպես այդպիսին, դադարելու են գոյություն ունենալ և պետք է վերագրանցվեն որպես հասարակական կազմակերպություններ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իրավակարգավորումների շրջանակում հասարակական կազմակերպություն կարող են հիմնադրել և ֆիզիկական անձինք, և իրավաբանական անձինք։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարիամ Զադոյանը նշեց, որ իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացի հիմնական խնդիրն այն է, որ, ըստ արդարադատության նախարարության դիրքորոշման, «վերագրանցում» տերմինն օրենսդրորեն չի սահմանվում, հետևաբար, անհրաժեշտ է վերագրանցվելիս ներկայացնել իրավաբանական անձի վերակազմավորման համար պահանջվող փաստաթղթեր:
Իսկ վերակազմավորման արդյունքում ստեղծված հասարակական կազմակերպության հիմնադիր բոլոր իրավաբանական անձիք այս պարագայում, բացի հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին ընդհանուր ժողովի որոշումից, պարտավոր են ներկայացնել նաև իրենց առանձին որոշումները դրա վերաբերյալ:
Այս կապակցությամբ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ իրենց միությունը հիմնադրվելիս ունեցել է շուրջ 900 անդամ, իսկ համայնքների վերջնական խոշորացումից հետո ունենալու է ավելի քանի 500 անդամ։ Հետևաբար, սա անհամաչափ և անիմաստ բեռ է իրավաբանական անձանց միությունների ուսերին։
Ավելի վաղ այս և մյուս խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական առաջարկներ էր արդարադատության նախարարությանը ներկայացվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Քննարկմանը ներկա ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը նշեց, որ արդարադատության նախարարության կողմից ներկայումս սկսվել է մշակվել օրենսդրական նախագծերի նոր փաթեթ, որը շուտով կներկայացվի հանրային քննարկման: Այդ օրինագծում հաշվի են առնված նաև վերոնշյալ առաջարկությունները:
Աշխատանքային քննարկման ավարտին մասնակից ԻԱՄ-ների կողմից որոշվեց մոբիլիզացնել Հայաստանում գործող ԻԱՄ-ներին և միասնական առաջարկ ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարին վերհանված խնդիրների լուծման վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցում էին դաշտում գործող հիմնական դերակատար ԻԱՄ-ների ներկայացուցիչները` Հայաստանի համայնքների միությունից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություների միությունից, Եվրոպական բիզնես ասոցիացիայից, Հայաստանի բանկերի միությունից, ՀՀ վարկային կազմակերպությունների միությունից, Հայաստանի տրանսպորտային առաքողների միությունից, Սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայից, Հասարակական պաշտպանների միությունից, Հայաստանի արկածային ճամփորդության ասոցիացիայից և այլն:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: