211652_close_icon
views-count2689 դիտում article-date 17:15 13-11-2017

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփիչ խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության մեկնարկին՝ նախքան օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է Ծառայությունում վերջերս տեղի ունեցած ատեստավորման և վերապատրաստման գործընթացներին՝ ընդգծելով դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական բարելավման գործում: Արմեն Հարությունյանը նշել է, որ ատեստավորման ընթացքում նկատված թերացումներն ու բացթողումները շտկելու ամենակարևոր ուղիներից մեկն էլ հենց կոնկրետ խնդիրներին ուղղված թիրախային վերապատրաստման դասընթացներն են, որոնց արդյունավետությունից էլ մեծապես կախված է համակարգի գործունեության հետագա զարգացումը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի առաջին հանձնարարականն իրավասու ստորաբաժանումներին վերաբերում էր հենց վերապատրաստման գործընթացների կատարելագործման մեխանիզմների մշակմանը: Այնուհետ, ըստ սահմանված օրակարգի, համապատասխան բաժինների պետերը հաշվետու զեկույցներ են ներկայացրել Ծառայության ղեկավարին՝ բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ ինչպես ամսական, այնպես էլ նախորդ հաշվետու տարվա կտրվածքով: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Արմեն Հարությունյանին է զեկուցվել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող տարաբնույթ կատարողական գործողություններին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության ընթացքում կառույցի ղեկավարը խոսել է նաև Ծառայության պատրաստած և տարածած իրազեկման հոլովակների ու դրանց արդյունավետության մասին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ծառայությունը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը և պարբերաբար լուսաբանելու է մարմնի գործառույթները տարբեր միջոցներով, որը, միանշանակ, հետապնդում է մեկ հիմնական նպատակ՝ քաղաքացիներին առավելագույնս պարզ և մատչելի ներկայացնել կատարողական վարույթների շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները: Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև այլ, այդ թվում՝ կատարողական վարույթների ընթացքին վերաբերող մի շարք հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր