211652_close_icon
views-count2903 դիտում article-date 14:20 10-05-2017

Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է աշխատանքային ամփոփիչ խորհրդակցություն

Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին զեկուցվել է նախորդ խորհրդակցության ընթացքում տրված և արդեն կատարված հանձնարարականների մասին: Ամփոփվել է 2017 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը: Անդրադարձ է կատարվել նաև Ծառայության բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ առաջին չորս ամիսների վիճակագրական ցուցանիշների հետ: Կառույցի ղեկավարին, ըստ օրակարգի, ներկայացվել է նաև Ծառայության թեժ գծին կատարված զանգերի քանակն ու դրանց բովանդակությունը: Մասնավորապես՝ զեկուցվել է, որ հաշվետու ամսում Ծառայության թեժ գծի միջոցով ստացված զանգերի թիվը կրճատվել է: Վերոնշյալի հետ կապված՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն արձանագրել է, որ սա վկայում է մեկ բանի մասին. Ծառայության ընտրած ուղին ու տեսլականը ճիշտ են ու արդեն տալիս են իրենց դրական արդյունքները: Քաղաքացիների համար առավելապես թափանցիկ և բաց դարձնելով Ծառայության գործառույթները, հնարավորինս կրճատելով քաղաքացի – հարկադիր կատարող շփումները՝ Ծառայությունը շարունակապես ներդրնելու է նոր միջոցներ ու մեխանիզմներ, որպեսզի քաղաքացու համար էականորեն դյուրինացվեն թե՛ վճարման պայմանները, թե՛ հնարավորինս ապահովվի քաղաքացի – հարկադիր կատարող հետադարձ կապը: Արմեն Հարությունյանը Ծառայության բաժինների պետերին տեղեկացրել է, որ Ծառայության արդիական ծրագրերի մասին քաղաքացիներին հնարավորինս պարզ ու մատչելի լեզվով իրազեկումը կրելու է շարունակական բնույթ: Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև այլ հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր