211652_close_icon
views-count3703 դիտում article-date 22:30 30-10-2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև ձևավորված ակտիվ գործընկրությունը, որ շարունակաբար զարգանում է և համալրվում նոր բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աբդելբարի ալ-Զիբարին ընդգծեց, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ուրույն դերակատարումն ունի Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների հետագա խորացման գործընթացում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-իրաքյան համագործակցության օրակարգին՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը հնարավորություն է տալիս խորացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում: Կողմերն անդրադարձան նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, գործարար շրջանակների միջև համագործակցության խթանման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը: Երկուստեք կարևորվեց իրաքահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու բարեկամ երկրների համագործակցության խթանման գործում։

Նմանատիպ նյութեր