6345 դիտում
11:38 19-10-2017
Արցախի վարչապետը ներկայացրել է հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Քաշաթաղում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին, ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ և Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսական և շրջանի զարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ:
Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղատնտեսության բաժնի պատասխանատուն: Վերջինս նշել է, որ, վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ, ձևավորվել է շտաբ, որպեսզի կազմակերպված ձևով ժամանակին հասցնեն աշնանացանի բոլոր աշխատանքները: Անդրադառնալով անցնող տարվա ցուցանիշներին՝ զեկուցողը շեշտադրել է, որ Քաշաթաղի շրջանը շարունակում է հանրապետությունում պահպանել գյուղատնտեսության համախառն բերքի արտադրության առումով առաջատարի դիրքը: Ցանված 20,207 հեկտարից հնձվել է 20,052 հեկտարը, որից ստացված համախառն բերքը կազմել է 55,817 տոննա:
Ա. Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և նշել, որ, հաշվի առնելով շրջանում առկա գյուղատնտեսական մեծ ներուժը, անելիքները դեռևս շատ են: «Քաշաթաղի շրջանում պետական միջոցներով շուտով երկու փորձնական ծրագիր կսկսենք: Առաջինը հարավային և հյուսիսային թևերում կաթի մթերման ժամանակակից կետերի բացումն է, որոնք լրացուցիչ կնպաստեն շրջանում անասնապահության զարգացմանը: Երկրորդը՝ հատկապես հյուսիսային թևում, որտեղ առկա է տարբեր տեսակի պտուղների իրացման խնդիրը, կտրամադրվեն չրերի պատրաստման սարքավորումներ: Այնուհետև պատրաստված ողջ ապրանքատեսականին պետական աջակցությամբ կգնվի»,- ասել է պետնախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև սառնարանային ժամանակակից տնտեսությունների ստեղծում, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան պահել իրենց բերքը և ձմեռային սեզոնին ավելի թանկ գնով շուկա հանել:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև հայրենադարձության խնդրին: Նա նշել է, որ կառավարությունը նախատեսում է շրջանում ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը, և շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որը հնարավոր է վերակառուցել: Ա. Հարությունյանը նշել է նաև, որ հայրենադարձության խթանման համար շրջանի տարբեր համայնքներում ծրագրվում է հարյուրավոր նոր բնակարաններ կառուցել:
Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4307 դիտում
18:11 11-10-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը
1419 դիտում
19:04 27-12-2017
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն ամփոփել է 2017 թվականի գործունեությունը և ներկայացրել առաջիկա ծրագրերը
Այս բաժնից
721 դիտում
22:45 02-05-2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից
637 դիտում
22:21 02-05-2024
Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով
571 դիտում
22:08 02-05-2024
Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը