211652_close_icon
views-count1638 դիտում article-date 19:04 27-12-2017

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն ամփոփել է 2017 թվականի գործունեությունը և ներկայացրել առաջիկա ծրագրերը

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է 2017 թվականին Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, ինչպես նաև ներկայացրել առաջիկա անելիքներն ու նոր նախաձեռնությունները: Մասնավորապես, Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ հիմնադրամում ավարտվել են կառուցվածքային փոփոխությունները և աշխատակիցների համալրման գործընթացը: Անդրադառնալով 2018 թվականի ծրագրերին` հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ 2017 թվականի ընթացքում մշակվել է «Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղեցույց»-ը, որի շնորհիվ տասը մարզային կառույցների աշխատանքն ուղղված կլինի մեկ միասնական գաղափարի իրականացմանը: Հիմնադրամի կողմից արդեն կազմակերպվել է ավելի քան 40 խմբային դասընթաց, որին մասնակցել է ավելի քան 530 ֆերմեր: Մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկերի ծրագրից օգտվելու համար կազմակերպվել է հավաստագրերի տրամադրման 204 դասընթաց, որին մասնակցել է 5 105 ֆերմեր, 4700–ը արդեն հավաստագրվել է: Բացի այդ, Հիմնադրամի կողմից պատրաստվել է ավելի քան 20 տեսանյութ, որոնցում ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները, այդ թվում` կաթիլային ոռոգման համակարգերը, կարկտապաշտպան ցանցերը, ինտենսիվ այգիները, ինչպես նաև խորհրդատվական նյութեր` գյուղացիական տնտեսությունների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Գեղամ Գևորգյանի խոսքով` Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել նաև թվով 1040 գյուղատնտեսական տոնավաճառների կազմակերպմանը, որին մասնակցել է 12 222 ֆերմեր: «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրով իրականացվել է 16 մոնիթորինգ: Գեղամ Գևորգյանի խոսքով` 2018 թվականին Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC II ) ծրագրով կկատարվի 2,5 մլրդ դրամի ներդրում: «Տրամադրելու ենք 800 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկա, կատարելու ենք 900 մլն դրամի ջրարբիացման համակարգերի շինարարություն, և միայն 2018 թվականին ներդրվող գումարը կհատի 2,5 մլրդ դրամի սահմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք կաթնատվության և գլխաքանակի առնվազն 20% աճ, 15-25 % նոր աշխատատեղերի ավելացում» - նշել է Գեղամ Գևորգյանը: Ասուլիսի ընթացքում նաև նշվել է, որ 2018 թվականից նախատեսվում է սկսել տեղական օրգանական /կենսաբանական պարարտանյութի արտադրություն` առնվազն 20 հազար հեկտարի համար: Ծրագրի նպատակն է փոխարինել ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության ավելի բարձրորակ օրգանական պարարտանյութով: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր