211652_close_icon
views-count6018 դիտում article-date 10:33 18-10-2017

Վզին խաչ կախելով քրիստոնյա, կամ ԵՄ դրոշ կախելով եվրոպական երկիր չեն դառնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, և՛ ցավալի է, և՛ ուսանելի: Երկիրը, կարծես թե, կատարել է եվրոպական ընտրություն, բայց քաղաքացիները դրանից առանձնապես չեն շահել, նրանք առաջվա պես դժգոհ են կոռուպցիայից, անարդարությունից, աղքատությունից, դժգոհ են այն աստիճանի, որ պատրաստ են դարձյալ դուրս գալ փողոց և սարքել հերթական «մայդանը»: Հետևաբար կա՛մ ընտրությունն էր սխալ, կա՛մ էլ այդ ընտրությունը եվրոպական է միայն արտաքին դրսևորումներով: Ես հակված եմ երկրորդ պատասխանին: Եվրոպացի լինելը հրաշալի է: Բայց եկեք մտածենք, թե ինչ է դա իրականում նշանակում: Դժվարանում եմ այս պահին ձևակերպել, բայց կարող եմ մոտենալ խնդրի հակառակ ծայրից: Կարելի է լինել եվրոպացի և չունենալ առանց վիզաների ռեժիմ Եվրամիության հետ: Կարելի է լինել եվրոպացի և անհարկի կռիվների մեջ չմտնել Ռուսաստանի հետ: Լինել եվրոպացի և չողջունել միասեռականության քարոզչությունը: Լինել եվրոպացի և նվիրված լինել քո ընտանիքին: Լինել եվրոպացի և եղբայր համարել հարևան իրանցիներին: Կարելի է լինել եվրոպացի և հպարտանալ, ու դու հայ ես, Հայաստանի քաղաքացի: Լինել եվրոպացի և գնահատել դարերի ընթացքում քո ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքները: Մի խոսքով՝ այն, ինչ որպես «եվրոպական» մատուցվում է ռուսաստանյան քարոզչության և նրա տեղացի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև այն, ինչ չափից դուրս ջանասիրաբար մեր հասարակության մեջ փորձում է ներարկել Եվրամիությունը՝ այդ երկու հավաքականությունները շատ մոտ են, երբեմն համընկնում են, բայց որևէ կապ չունեն իրական եվրոպական արժեքների հետ: Եվ մեր «բախտակիցների», հետխորհրդային պետությունների փորձը հենց դա է ցույց տալիս: Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը թեև արժե ստորագրել, բայց այն որևէ երաշխիք չի տալիս, որ քո երկիրը կհաղթահարի կոռուպցիան, որ քո պետական և ոչ պետական հաստատություններում կներմուծվի արևմտյան աշխատաոճը, որ դու կնվազեցնես կոռուպցիան և կհասնես տնտեսական բարգավաճման: Ինչպես մկրտվելն ու վզին խաչ կախելը ոչ մեկին չի դարձնում քրիստոնյա, այնպես էլ արտաքին դրսևորումները՝ տների ու հիմնարկների ճակատին ԵՄ դրոշները կախելը կամ նույն առանց վիզաների ռեժիմը երկիրը դեռևս չեն դարձնում եվրոպական: Վրաստանը նույնքան հեռու է Ֆրանսիայից կամ Գերմանիայից, որքան Հայաստանը՝ անկախ այն առասպելաբանությունից, որը մենք երբեմն լսում ենք: Էլ չեմ ասում Ուկրաինայի մասին, որն այսօր առավել ծանր վիճակում է: Արժե՞ արդյոք նմանվել վերոհիշյալ եվրոպական երկրներին: Այո, ինձ թվում է՝ շատ բաներում պետք է ձգտել նրանց նմանվել: Ինչը չարժե անել՝ շտապել և արտաքին բաների հետևից ընկնել: Պետք է հասկանալ այն առանցքը, որի շուրջ ստեղծվել է այդ հզոր քաղաքակրթությունը: Բնականաբար, դա առանձին խոսակցություն է, բայց վստահաբար կարելի է ասել՝ դա այն չէ, ինչին հասել են Վրաստանն ու Ուկրաինան: Չնայած այդ երկրների վերջին 10-15 տարիների փորձը մեզ համար չափազանց ուսանելի է թե՛ դրական և թե՛ բացասական իմաստով»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր