211652_close_icon
views-count11602 դիտում article-date 20:58 16-10-2017

Ռուսաստանի ակտիվիստները 300 հազար եվրո են հավաքել Չեչնիայից միասեռականներին տարհանելու համար

Ռուսաստանի ԼԳԲՏ ակտիվիստները 2017թ-ի ապրիլից 300 հազար եվրո են հավաքել Չեչնիայից միասեռականներին տարհանելու և հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար: Չեչնիայից միասեռականների տարհանման գործողությունը սկսվել է այն պահից, երբ ռուսական լրատվամիջոցներում հաղորդագրություններ են հայտնվել հանրապետությունում ոչ ավանդական կողմնորոշման անձնաց հետապնդման մասին: Մայիսի 18-ի դրությամբ «Ռուսական ԼԳԲՏ-ցանցը» 176 հազար դոլար է հավաքել Չեչնիայից միասեռականներին տարհանելու համար: Ապրիլին «Նովայա գազետան» հաղորդել է Չեչնիայում ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար կասկածվող տղամարդկանց զանգվածային ձերբակալությունների և սպանությունների, ինչպես նաև Արգունում միասեռականների համար «գաղտնի բանտի» մասին: Չեչնիայի իշխանություններն այդ նյութերը սադրանք են անվանել: Սակայն «Կավկազսկի ուզելի» կողմից Չեչնիայի հարցված բնակիչները հայտարարել են, որ միասեռականների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի մասին հայտնի էր այդ հրապարակումներից շատ ավելի շուտ: «Ռուսական ԼԳԲՏ-ցանցի» տվյալներով՝ 2017թ-ի ապրիլից սկսած 7 ամսվա ընթացքում հաջողվել է 300 հազար եվրո հավաքել Չեչնիայից միասեռական քաղաքացիների տարհանման արշավի շրջանակում: «Ստացված միջոցները ծախսվել են տարհանմանն օգնելու, մասնավորապես ճանապարհածախսի, ապրելու, սնվելու, առանջին անհրաժեշտության իրերով ապահովելու, բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերելու և անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու վրա: Բոլոր ցանկացողները կարող են ներածի չափով իրենց ներդրումն ունենալ չեչեն միասեռականների, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների օգնությանը, որոնք կյանքի համար սպառնալի իրավիճակում են հայտնվել», – ասված է «Ռուսական ԼԳԲՏ-ցանցի» հաղորդագրությունում: Ընդ որում, կազմակերպության հաղորդագրությունում չի խոսվում այն մասին, թե քանի միասեռական է Չեչնիայից տարհանվել 2017թ-ի հոկտեմբերի սկզբի դրությամբ: Հուլիսի տվյալներով՝ Հյուսիսային Կովկասում սեռական կողմնորոշման պատճառով հետապնդումների և ճնշումների ենթարկված մարդկանց փրկելու գործողության սկզբից դիմողների թիվը կազմել է 130 մարդ, որոնցից 60-ը տարհանվել է: Սեպտեմբերի 3-ին կանադական Rainbow Railroad ոչ առևտրային կազմակերպությունը հաղորդել է, որ օգնել է 35 չեչեն միասեռականի լքել Ռուսաստանը: Դրա հետ մեկտեղ «Ռուսական ԼԳԲՏ-ցանցի» հաղորդագրությունում նշվում է, որ օգոստոսի վերջին ռուսական ԼԳԲՏ-կազմակերպությունների կոալիցիան ԼԳԲՏ համայնքի դրության մասին զեկույց է ներկայացրել ՄԱԿ տնտեսական, մշակութային և սոցիալական իրավունքների կոմիտե: Զեկույցն այնպիսի թեմաներ է ներառել, ինչպիսիք են աշխատանքային ոլորտում խտրականությունը, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հողի վրա ատելության հանցագործությունները, տրանսգենդերների հանդեպ խտրականությունն, ասված է հաղորդագրությունում: «Ռուսական ԼԳԲՏ-ցանցի» տվյալներով՝ ԼԳԲՏ ներկայացուցիչների 17%-ը բախվել է գործատուի կամ գործընկերների հետ խնդիրների բացառապես նրանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով: Զեկույցը տեղեկատվություն է պարունակում նաև մարդու իրավունքների խախտման և խտրականության հստակ դեպքերի վերաբերյալ, որոնց բախվում են ԼԳԲՏ ներկայացուցիչները Ռուսաստանում: Ավելի վաղ «Ռուսական ԼԳԲՏ-ցանցը» զեկույց է հրապարակել Չեչնիայում միասեռականներին հետապնդելու փաստերի վերաբերյալ: Հյուսիսային Կովկասում ԼԳԲՏ ներկայացուցիչների հետապնդման փաստերի մասին զեկույցի հիմքում Չեչնիայից 33 մարդու ցուցմունքներ են, որոնց ապօրինի ձերբակալել և կտտանքների են ենթարկել միասեռականների դեմ մի քանի արշավների ընթացքում: Չեչնիայում ազգականները դաժանաբար ծեծում են և սպանում ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց իշխանությունների ամենաթողության պայմաններում և նրանց ուղիղ հրահանգով, նշված է զեկույցում, որը նախապատրաստվել է «Ռուսական ԼԳԲՏ-ցանցի» կողմից «Նովայա գազետայի» հատուկ թղթակից Ելենա Միլաշինայի հետ համագործակցությամբ: [url=https://jam-news.net/?p=64622&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր