211652_close_icon
views-count4138 դիտում article-date 10:54 27-09-2017

Խնդիրը «Այլընտրանքի» «ռուսամետությունը» չէ, այլ ամերիկացիներին հակադրվելը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ Հայաստանում որևէ հետաքրքիր բան տեղի չի ունենում` չհաշված գեղեցկության մրցույթը (երբ հաղթող աղջկան սկզբից թագը տվեցին, հետո ձեռքից առան), անդրադառնանք ևս մի միջազգային թեմայի` Գերմանիայում կայացած ընտրություններին: Չնայած Անգելա Մերկելը կրկին դարձել է վարչապետ, և նրա` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը հարաբերական մեծամասնություն է ստացել Բունդեսթագում, սակայն թե՛ այս և թե՛ մնացած «ավանդական» կուսակցություններն առնվազն մտածելու բան ունեն: Իհարկե, առաջին հերթին Քրիստոնյա-դեմոկրատները և Սոցիալ-դեմոկրատները, որոնք տասնամյակներ շարունակ կազմում էին Գերմանիայի քաղաքական համակարգի առանցքը, իսկ այս ընտրություններում կորցրին համապատասխանաբար 65 և 40 տեղ խորհրդարանում` նախորդ ընտրությունների համեմատ: Իսկ ամենամտահոգիչը ավանդական արևմտյան՝ ազատական մտածողության ունեցող մարդկանց համար «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության, կարելի է ասել, շռնդալից հաջողությունն է: Այդ կուսակցությունը միանգամից ստացավ 94 տեղ 709 տեղանոց Բունդեսթագում՝ արժանանալով ընտրողների 12,6 տոկոսի վստահությանը: Այդ կուսակցության գլխավոր խաղաքարտն է միգրանտների առատությունն այս երկրում, այդ մարդկանց մի մասի, մեղմ ասած, «ոչ եվրոպական» վարքը և որպես այդ ամենի հետևանք՝ գերմանացիների հիասթափությունը ազատական արժեքներից, «բազմամշակութային» մոտեցումներից, հանդուրժողականությունից և լայնախոհությունից: Շարքային գերմանացիներից շատերը (կարծում եմ՝ ավելի շատ, քան 12,6 տոկոսը) ցանկանում են ազատվել թե՛ վերոհիշյալ արժեքներից և թե՛ բուն միգրանտներից: Մնացածը դետալներ են, թեև՝ բավականին պերճախոս: Կուսակցության առաջնորդներից մեկը՝ 76-ամյա Ալեքսանդր Գաուլանդը, «հարգանքով է վերաբերվում» նացիստների «նվաճումներին»: Նա կոչ է անում վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: Այդ երկու «ուղղությունների» միջև առանձնապես հակասություն չկա՝ գերմանացի նացիոնալ-սոցիալիստների և խորհրդային բոլշևիկների ջրերը որոշ ժամանակ «մի առվով էին գնում»: Բայց իրականում խնդիրը, կարծում եմ, «Այլընտրանքի» «ռուսամետության» մեջ չէ: Խնդիրը, կարծում եմ, ավելի շուտ ամերիկացիներին հակադրվելն է, որովհետև գերմանական հասարակության մի մասը վստահ է, որ միգրացիոն քաղաքականությունը, ազատական արժեքները և ռուսների հետ գժտվելը պարտադրանք է, որը գալիս է օվկիանոսի այն կողմից: Ո՞վ կասի, որ այդ տեսակետն ամբողջությամբ հիմնազուրկ է: «Այլընտրանքը» հանդես է գալիս մեզ՝ հայաստանցիներիս, շատ ծանոթ կոչով՝ «իշխանությունը վերադարձնենք ժողովրդին». այնտեղ էլ, պարզվում է, իշխանությունը ժողովրդին չի պատկանում: Եվ այդ առիթով հիշեցի մի խոսակցություն. տարիներ առաջ գերմանացի մի քաղաքական գործիչ մասնավոր զրույցում ինձ ասաց. «Իզուր էլ բողոքում եք Կրեմլի կայսերապաշտական հավակնություններից: Դուք՝ հայերդ, ավելի քիչ եք կախված Ռուսաստանից, քան մենք` գերմանացիներս, ԱՄՆ-ից»: Ասողն, ի դեպ, սոցիալ-դեմոկրատ էր: Հաստատ Հիտլերի երկրպագուն չէր»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարու:[/b]

Նմանատիպ նյութեր