211652_close_icon
views-count1101 դիտում article-date 10:15 08-06-2022

Մարդկանց դնում են կեղծ այլընտրանքի առաջ և դրանից հետո դիմում են շանտաժի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Բոլոր հայրենասեր հայերն այժմ Ֆրանսիայի հրապարակում են»: «Նրանք, ովքեր դեմ են մեր վարչապետին, նրանք թալանչիների սպասարկուներ են եւ Պուտինի ստրուկներ»: Նման մտքեր մենք այս օրերին հաճախ ենք լսում:

Հայտնի հռետորական (այլ դեպքերում՝ մարքեթինգային) հնարք է. մարդկանց դնում են կեղծ այլընտրանքի առաջ եւ դրանից հետո դիմում են շանտաժի՝ ընտրի՛ր դրանցից մեկը, իսկ եթե չես ընտրում, ուրեմն՝ դու բոլոր տեսակի չարիքների կողմնակից ես: Անփորձ հոգիները դրանից ահաբեկվում են եւ գցվում են այս կամ այն ծայրահեղության գիրկը, որպեսզի հանկարծ իրենց «ոչ-հայրենասերի» կամ «թալանչու» պիտակ չկպցնեն: Իրականում կանգնել հրապարակում եւ կուրծք ծեծել, թե դու հայրենասեր ես, կամ հակառակը՝ հայհոյել հրապարակում կանգնողներին՝ ցույց տալու համար, որ դու թալանչի չես կամ մաս չես կազմում «5-րդ շարասյան»՝ երկուսն էլ բարդ գործ չի, չի ենթադրում առանձին զրկանքներ կամ նույնիսկ անհարմարություններ: Այս կամ այն «երամի» հետ չթռչելը երբեմն շատ ավելի դժվար է:

Պարզ է, որ քաղաքական պայքարը սովորաբար առանց «ջրբաժանների» չի լինում: «Այս հանրահավաքը եւ երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է. մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը», – 2008 թվականի փետրվարի 9-ին ասել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, գիտնական լինելով, չէր կարող չիմանալ, թե պատմության տարբեր դրվագներում ինչի կարող են հանգեցնել նման ջրբաժանները: Առիթ եմ ունեցել գրելու, որ քաղաքական պայքարի այդ ոճն իր ազդեցությունն է թողել թե՛ հասարակության եւ թե՛ ժամանակակից քաղաքական վերնախավի մտածողության վրա:

Բայց մարդկության պատմության մեջ հազվադեպ պատահում է այլ մոտեցում, այլ ոճ, որը զուտ պայմանական կարելի է կոչել «հոգեւոր արժեքների վրա հիմնված պայքար»: Այդ մտածողության ամենահայտնի կրողն է, իհարկե, Մահաթմա Գանդին, որը նույնպես, ինչպես հայտնի է, քաղաքական գործիչ էր, բայց իր գործունեությունը կառուցում էր ոչ թե «ջրբաժանների», այլ համագործակցության վրա՝ իր բարեկամն ու աջակիցը համարելով ոչ միայն Հնդկաստանի բոլոր բնակիչներին, այլեւ ամբողջ մարդկությունը: Գանդին, իհարկե, լուրջ եւ անզիջում պայքար էր մղում, բայց նա կռվում էր ոչ թե մարդկանց, այլ համակարգերի եւ մեթոդների դեմ: Նա չէր ասում, օրինակ՝ «դարձիր հինդուիզմի հետեւորդ, հակառակ դեպքում ես կասեմ, որ դու չարիքի մարմնավորում ես»: Նա գրում էր, որ բոլոր կրոնները ճիշտ են, միաժամանակ բոլոր կրոններին հատուկ են մոլորությունները, եւ բոլոր կրոններն իր համար նույնքան թանկ են, որքան իր սեփականը: Գանդիի միակ ցանկությունն էր, որ քրիստոնյան դառնա ավելի լավ քրիստոնյա, մահմեդականն՝ ավելի լավ մահմեդական եւ այլն:

Եթե դա ճիշտ է տարբեր ազգերի եւ տարբեր կրոնների մարդկանց համար, ապա երիցս ճիշտ է մեկ ազգի եւ սկզբունքորեն մեկ կրոնի դեպքում: Տարված լինելով զանազան «ջրբաժաններով»՝ հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ցանկալի է, երբեմն մտածեն այն «ջրերի» մասին, որոնք մեզ՝ հայերիս միավորում են: Հակառակ պարագայում այդ անիմաստ քաղաքական հրմշտոցը կարող է հավերժ տեւել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր