3417 դիտում
23:08 20-09-2017
Վիլնյուսում Հայկական եկեղեցիներին նվիրված ցուցահանդես է բացվել
Սեպտեմբերի 19-ին Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի ունեցավ միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից:
Ցուցահանդեսին ներկայացված են միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության կոթողների շուրջ 30 բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոնկարիչների կողմից անցած մեկ դարի ընթացքում:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ իր խոսքում կարևորելով եկեղեցու դերը հայոց պատմության ընթացքում։ «Շնորհիվ հայ առաքելական եկեղեցու՝ մենք կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը դարերի ընթացքում։ Կարևորագույն գրքերը գրվել են այստեղ, ամենազարմանահրաշ ձեռագրական մանրանկարները ստեղծվել են մեր վանքերում։ Եկեղեցին պատմության ընթացքում խաղացել է ոչ միայն կրոնական, այլ նաև հասարակական, մշակութային և քաղաքական դեր հայ ժողովուրդի կյանքում»,- ասաց դեսպանը։ Այնուհետև Տիգրան Մկրտչյանը նշեց, որ հայոց եկեղեցիների և մենաստանների երկուհազարամյա աշխարհագրությունը մատնանշում են հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները, և որ նրանք հայոց պատմության կենդանի վկաներն են։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասը։ Արքեպիսկոպոսը, խոսելով հայ ժողովրդի ավանդած քրիստոնեական հարուստ ժառանգության մասին, ընդգծեց, որ Հռոմի Պապը 2015թ. Հայաստան կատարած իր այցը ներկայացրել է՝ որպես «այցելություն առաջին քրիստոնյա պետություն»: Արքեպիսկոպոս Գրուշասն ասաց, որ նկարներում պատկերված քարե եկեղեցիները կոչված են կանգուն լինել դարերով: Արքեպիսկոպոսը նաև հավելեց. «Հուսով եմ՝ նայելով այս հրաշալի եկեղեցիներին՝ յուրաքանչյուրս կկարողանանք յուրացնել և կրել արվեստում արտացոլված ժամանակի հրաշալիքի և հոգևոր ուժի մի մասնիկը»:
Թանգարանի տնօրեն Սիգիտա Մասլաուսկայտե-Մաժիլիենեն ողջունեց այս նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց ճարտարապետության գեղեցիկ կոթողները «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» ներկայացնելու համար։
Միջոցառմանը ներկա էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը ներկայացված է լինելու մինչև հոկտեմբերի 19-ը:
Նմանատիպ նյութեր
6987 դիտում
22:52 07-06-2017
Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես է բացվել Վիլնյուսում
3813 դիտում
22:30 05-04-2018
Սումգայիթյան ջարդերին նվիրված բացառիկ ցուցահանդես է տեղի ունեցել Վիլնյուսում
1038 դիտում
14:45 07-10-2014
Կոչ եկեղեցիներին՝ ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը
Այս բաժնից
622 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին