211652_close_icon

Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ 140 տարի անց առաջին անգամ եվրոպական նոտագրությամբ լույս տեսավ հայ եկեղեցու գլխավոր ծիսական մատյաններից մեկը՝ Ժամագիրքը

views-count21325 դիտում article-date 00:21 15-09-2017
Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ Ժամագիրքը, որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է, հայ եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն: Նախաձեռնության հեղինակը «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր նախագահ Արթուր Ջանիբեկյան է: Ժամագիրքը եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն 1877 թվականին Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը՝ Ժամագիրքը, ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով՝ այս ամենը հայերեն և անգլերեն: Մի քանի ամիս առաջ նույն հիմնադրամի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ վերահրատարակվել էր Մակար Եկմալյանի երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը: Գիրքը վերահրատարակվում է նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար: Հաշվի առնելով, որ պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը, 2014 թ. «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ձևավորած աշխատանքային խումբը՝ կազմված Հայաստանի առաջատար երաժշտագետներից, ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության`ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը: Արդյունքում՝ ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի (տառադարձության) և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը: Շնորհիվ այս նախագծի` վերջապես, 100 տարի անց, իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվելու է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն: Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան` http://www.armenianmusic.am/ հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգևոր և ժողովրդական ստեղծագործությունները ներկայացված են նաև համապատասխան նոտաներով: Կայքն այսուհետ հասանելի է նաև IOS և Android օպերացիոն համակարգերի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր