36976 դիտում
22:24 30-06-2017
Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ 120 տարի անց լույս է տեսել Մ. Եկմալյանի «Սուրբ պատարագը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում կերտել է հարուստ, ինքնատիպ երաժշտություն, որի նուրբ հյուսվածքներում արևմուտքի միտքն ու ավանդույթը շաղախված են արևելյան խորհրդավոր հմայքով: Մեր հոգևոր երաժշտական ժառանգությունը հնագույններից է քրիստոնեական աշխարհում, իսկ ժողովրդական երաժշտության որոշ ինքնատիպ օրինակներ մեզ են հասել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից:
Ցավոք, բազմազան ու պատմական և գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը: Հատկապես վակուումային վիճակում է գտնվում հայ երաժշտության նոտաների ոլորտը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առ այսօր նոտաների համաշխարհային շուկայում հայ ազգային երաժշտությունը ներկայացնող նմուշներ գրեթե չկան: Կոմիտասի, Մաշտոցի, Շնորհալու, Նարեկացու և մյուս հայ հսկաների հանճարեղ գործերը դեռևս սպասում են համաշխարհային երաժշտական գրադարաններում իրենց արժանի տեղը զբաղեցնելուն:
Հաշվի առնելով այս ամենը` 2013 թվականին «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որը բաղկացած է Հայաստանի առաջատար երաժշտագետներից, կոմպոզիտորներից և այլ պրոֆեսիոնալ երաժիշտներից, ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը: Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը: Այս ընթացքում շուրջ 3000 էջ նոտաներ թվայնացվեցին:
Շնորհիվ այս նախագծի` վերջապես, 100 տարի անց, ի կատար ածվեց Կոմիտաս վարդապետի ծրագիրը. լույս տեսավ իր կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան` http://www.armenianmusic.am/ հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգևոր և ժողովրդական ստեղծագործությունները ներկայացված են նաև համապատասխան նոտաներով:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի աշխատանքային խումբն իրականացրել է ծրագրի երկրորդ փուլը: Համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ հրատարակվել են նաև հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ: Առաջինը Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված «Սուրբ պատարագն» է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին Լայպցիգում: Այժմ՝ շուրջ 120 տարի անց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ «Սուրբ պատարագի» բազմաձայնումը վերահրատարակվում է նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով (տառադարձությամբ), երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար:
Այսպիսով, առաջին անգամ հայ հոգևոր երգասածությունները հասանելի կդառնան աշխարհին և իրենց արժանի տեղը կզբաղեցնեն համաշխարհային հոգևոր երաժշտության անդաստանում:
Այս նախաձեռնության գաղափարի հեղինակն է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը:
Լուսանկարները՝ Կարեն Խոնթյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2668 դիտում
09:26 09-04-2023
Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը՝ Սուրբ Գայանե վանքում
1634 դիտում
10:47 29-08-2014
Այս տարի Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը 1 շաբաթ շուտ կմատուցվի
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
487 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը